Մատչելիության հղումներ

Բանակում մահացած զինվորի ընտանիքը վրդովված է դատարանի վճռից


Բանակում մահացած զինվորի ընտանիքը վրդովված է դատարանի վճռից
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Ծնողները վստահ չեն, որ դատապարտված երիտասարդները առնչություն ունեն Սարգիս Սահակյանի մահվան հետ ու չեն բացառում, որ մարդասպանները ազատ ման են գալիս:

Մեղրիի Ծիրանաձորի հենակետում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի ընտանիքը տարակուսած է զինվորի մահվան գործով դատարանի երեկվա վճռից։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երիտասարդի ծառայակիցներ Արտաշես Խաչատրյանին և Արթուր Միսակյանին մեղավոր է ճանաչել նրան ինքնասպանության հասցնելու մեջ, դատապարտել է 5 և 4,6 տարվա ազատազրկման։ Բայց Սարգիս Սահակյանի ծնողները՝ Սեյրան Սահակյանն ու Մարգարիտա Սահակյանը, հայտարարում են, որ արդարադատություն չի իրականացվել։ Ըստ ծնողների, կատարվածը սպանություն էր, ինչը շուրջ մեկ տարի շարունակված դատաքննության ընթացքում և՛ վկաների ցուցմունքներից է ակնհայտ դարձել, և՛ ապացույցների հետազոտումից, սակայն դատարանը իր վճռում այդ ապացույցներից որևէ մեկը հաշվի չի առել։ Նրանք վստահ չեն, որ դատապարտված երիտասարդները առնչություն ունեն Սարգիսի մահվան հետ, չեն բացառում, որ գուցե մարդասպանները ազատ ման են գալիս:

«Ես կարող եմ 90 տոկոսով ասել, որ իրենք անմեղ են, բայց չեմ բացառում, երբեք չեմ բացառում, որ հնարավոր է և մասնակից էլ լինեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սեյրան Սահակյանը։

«Արդարություն չկա»,- հավելեց Մարգարիտա Սահակյանը,- «Որ էն երեխեքը տեղյակ չեն, ինչո՞ւ են դատում։ Դե թող ճիշտը դատեն, ոչ թե նա ազատ ման գա, նորից իմ երեխու պես մեկի գլուխը կուտի, տասինը կուտի... այո, արդեն սովորել է իր ջարդված թևը, սովոր է»։

Ըստ նախաքննության, մեկ տարվա զինծառայող Սարգիսի մահվան պատճառ էին դարձել արևածաղիկն ու «Սնիկերս» շոկոլադը։ Սարգիս Սահակյանին ուտելիք է ուղարկված եղել, նա հրաժարվել է ծառայակից Արթուրին արևածաղիկ տալ, ասելով, որ չունի, «Սնիկերսն» էլ միայնակ է կերել, ինչին հաջորդել են հայհոյանքները, և 2012-ի նոյեմբերի 5-ի գիշերը հենակետից հայտնաբերվել է նրա դիակը։ Ե՛վ մահացածի ծնողները, և՛ մեղադրյալների պաշտպանական կողմը պնդում են, որ այս հորինված վարկածը դատաքննության ընթացքում հերքվել է։

«Իմ երեխուն «Սնիկերս» չեմ ուղարկել, իմ երեխեն չի էլ ուզել... Չեն իմացել ինչ գրեն, գրել են... խի մի սնիկերսի համար մարդ կսպանե՞ն, թեկուզ դա լինի»,- ասաց մայրը։

Սարգիս Սահակյանին բերանից են կրակել, սակայն ոչ գնդակն է հայտնաբերվել, ոչ պարկուճը, իրեղեն ապացույց ճանաչված զենքի վրա էլ որևէ հետք չի եղել, ինչը տուժողի իրավահաջորդներին հիմք է տալիս եզրակացնել, որ զենքը փոխվել է՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

«Անտրամանաբանական է էլի... Եթե ցանկացած իր մտցնես բերանիդ մեջ, քո թքի հետքերն այնտեղ պարզ է, որ պիտի լինեն, վրան պետք է մնան։ Ո՞նց կարող է էդ զենքը մտցնի իր բերանի մեջ կրակի, զենքը դուրս գալուց էլ շրթունքները պատռի, բայց այդ պատռվածքները առաջացնելով իր վրա արյան հետքեր չմնան, զենքի վրա էլ թքի հետք չլինի»,- հարցնում էր Սեյրան Սահակյանը,- «Նաև ոչ մի նույնացման համար պիտանի մատնահետք չկա, երբ որ այդ զենքը առնվազն երեք ժամ ու կես եղել է իր ձեռքին»։

«Միանշանակ դա այլ ինքնաձիք է, դա փոխված ապացույց է»,- «Ազատության» հետ զրույցում նշեց գործով մեղադրվող զինծառայողների պաշտպան, փաստաբան Անի Թորոսյանը ,- «Բացի այդ, փաթեթավորում էր փոխված, այսինքն դեպքի օրը, երբ դեպքի վայրից քննիչն առգրավում է ինքնաձիգը, այլ կնիքով է կնքվում, իսկ հաջորդ օրը, երբ ուղարկվում է փորձագետին, ուղարկվում է բոլորովին այլ կնիքով։ Մենք այդ հարցը բազմիցս բարձրացրեցինք, հրավիրեցինք քննիչին, քննիչն եկավ` ասաց՝ տեխնիկական թերություն է եղել։ Այս գործում եղած թերությունները աղաղակող թերություններ էին»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով ի սկզբանե հետևել է գործի քննությանը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դատարանում վկաները հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարել են, որ այդ ցուցմունքները տվել են բռնությունների, ճնշումների,սպառնալիքների ու նվաստացումների միջոցով։ Նրանք, ըստ իրավապաշտպանի, հերքել են ինքնասպանության վարկածը, հայտարարելով, որ Սարգիսի ինքնասպանության մասին իմացել են քննիչներից ու զինվորականներից: Ավելին, Ժաննա Ալեքսանյանը փաստում է, որ դատավոր Նապոլեոն Օհանյանի աչքի առաջ մեղադրողը առևանգել է վկա Գոռ Մարգարյանին և մի քանի ժամ ազատազրկել հենց դատարանի շենքում:

«Ակնհայտ էր, որ տեղի է ունեցել սպանություն, ընդ որում վկաներ կային, որոնք մատնանշել են անձին, որը կարող էր լույս սփռել քրեական գործի բացահայտման վրա։ Մասնավորապես Գոռ Մարգարյանը, որը դիրքի ավագն է եղել, կրակոցից հետո, երբ որ դուրս է եկել, դեմ առ դեմ հանդիպել է զինծառայողներից մեկին, որը գալիս էր հենց այն ուղղությունից, որտեղ տեղի էր ունեցել կրակոցը և ասում էր՝ «թուրքը խփեց»։ Ի դեպ, դեպքից մեկ ամիս առաջ էլ այդ նույն զինծառայողը Սարգիս Սահակյանի հետ կանգնած օդ է կրակել... Խոստովանել է, որ կրակել է, Սարգիսն այլայլված է եղել... և այս հանգամանքները քննության չեն առնվել»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Ալեքսանյանը, ընդգծելով, որ տվյալ զինծառայողը Սահակյանի մահվան գործով անցել է որպես վկա,- «Գուցե այդ զինծառայողը, եթե ինքը չի կատարողը, ասո՞ւմ էր՝ ով է եղել դեպքի վայրում, սա է ամբողջ հարցը։ Բայց պարզ է, որ դատախազությանը դա բոլորովին ձեռք չէր տալիս։ Սպանությունը կոծկվել է։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը կայացրեց մի խայտառակ վճիռ, վստահ եմ, որ շատ մեծ ճնշում է եղել դատարանի վրա, հատկապես, որ քննությունը կատարվել է զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի օրոք։ Եվ կարծում եմ, որ շահագրգիռ է պարոն Կոստանյանը Գլխավոր դատախազի պաշտոնում պաշտպանել իր մեղադրանքը, ակնհայտ ճնշում է գործադրվել դատարանի վրա՝ պահպանել նախաքննությամբ հորինված վարկածը»։

«Ի՞նչ դրդապատճառներով»՝ հարցին իրավապաշտպանը արձագանքեց, - «Գուցե այստեղ կարող են կոռուպցիո՞ն ռիսկեր լինել»։

XS
SM
MD
LG