Մատչելիության հղումներ

Վարորդը ոստիկանին մեղադրում է պաշտոնը չարաշահելու մեջ


Տաքսու վարորդը պնդում է, թե ոստիկանն ապօրինի է առգրավել իր փաստաթղթերը
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Տաքսու վարորդ Վոլոդյա Խաչատրյանը պնդում է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Եղիշե Ալեքսանյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, արդեն մեկ ամիս հրաժարվում է վերադարձնել իր վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը: Խաչատրյանի խոսքով` ոստիկանը փաստաթղթերը վերադարձնելու դիմաց 30.000 դրամ գումար է պահանջում։

«Կա'մ պիտի հետ տար, կա'մ եթե ես կատարել էի որևէ օրինազանցություն, ինչ պիտի տաներ բաժին, բաժնում պարզաբաներ կամ կանչեր ավտոտեսուչ, ավտոտեսուչը արձանագրեր իր կատարած սխալը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ալեքսանյանը չցանկացավ հարցազրույց տալ՝ հերքելով իր հասցեին հնչած մեղադրանքը։

Ոստիկանը, այդուհանդերձ, ասաց, թե տաքսու վարորդը ընթացքի ժամանակ վնասել է իր ավտոմեքենան, հրաժարվել ապահովագրական գործակալին դեպքի վայր հրավիրել, քանի որ ապահովագրման փաստաթուղթ չի ունեցել։ Փոխարենը տաքսիստն իրեն առաջարկել է փաստաթղթերը՝ խնդրելով դրանք պահել այնքան ժամանակ, մինչև վնասը փոխհատուցի։ Այդ օրը Ալեքսանյանը քաղաքացիական հագուստով է եղել։ Ոստիկանը ասաց, որ 30.000 դրամը ավտոմեքենան վնասելու համար է պահանջում, և ընդունեց, որ որպես ոստիկան իրավունք չունի քաղաքացու փաստաթղթերն իր մոտ պահել։ Սա այս պատմության ոստիկանի մեկնաբանությունն է։

60-ամյա տաքսիստ Վոլոդյա Խաչատրյանը, սակայն, պնդում է, որ առաջարկել է ապահովագրական գործակալ հրավիրել կամ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի՝ հարցը տեղում լուծելու։ Ոստիկանը, սակայն, վարորդի խոսքով, չի համաձայնել: Խաչատրյանը նաև պնդում է, թե իրականում չի վնասել Ալեքսանյանի ավտոմեքենան, ապակին է թեթևակի վնասված եղել, բայց ոչ իր մեղքով, սակայն ինքն անգամ առաջարկել է տանել նորոգման սրահ ու իր միջոցներով այն նորոգել։ «Նորոգումը կարժենար մինչև 3.000 դրամ, այլ ոչ թե 30.000 դրամ», - ասում է Վոլոդյան։

Տարաձայնությունն ավարտվել է հեռախոսահամարներ փոխանակելով։ Որոշ ժամանակ անց, ինչպես պնդում է 60-ամյա տաքսիստը, Արաբկիրի ոստիկանությունից պատվեր է ունեցել։ Այդտեղ արդեն ոստիկանության համազգեստով Ալեքսանյանը փաստաթղթեր է պահանջել։ Վոլոդյան ասում է, որ այդ պահին չի ճանաչել նրան ու ենթարկվելով նրա պահանջին՝ փաստաթղթերը հանձնել է, ինչից հետո Ալեքսանյանը հիշեցրել է իր մասին ու պնդել, որ դրանք հետ չի տա, մինչև գումարը չբերի։

Թե' տաքսիստը, թե' վարորդների իրավունքների պաշտպանության «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Եփրեմյանն ասում են՝ ոստիկանը իրավունք չունի փաստաթղթեր վերցնել ու հետ չտալ։

Եփրեմյանը կատարվածը բնորոշում է որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, երբ ոստիկանը օգտվելով ուսադիրներից փորձել է լուծել իր անձնական հարցերը. - «Դա նշանակում է, որ պետությունը ներկայացնող անձնավորությունը, որը պետք է պատշաճ ձևով ներկայանար, դատական պրոցես ընթանար այդ դեպքի վերաբերյալ... իրեն թվում է, թե ինքը դատավոր է, տեղում կայացրել է իր համար ճիշտ որոշում. տեղում վերցրել է փաստաթղթերը և պահանջել է գումար: Դա քրեորեն պատժելի արարք է»:

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնության ներկայացուցիչը Վոլոդյա Խաչատրյանին առաջարկում է իրենց օգնությունը:

Իսկ վերջինս հայտարարում է, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել իր իրավունքների համար, չնայած որ փաստաթղթերի բացակայության պատճառով դժվարանում է հոգալ ընտանիքի ծախսերը. - «Ես չեմ կարողանում նորմալ աշխատել արդեն մեկ ամիս է»։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ զերծ կմնան մեկնաբանությունից, քանի որ դեռ ուսումնասիրում են կատարվածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG