Մատչելիության հղումներ

Ավելացել է առաջին դասարանցիների թիվը


Կրթության նախարարությունում այս փաստը կապում են 2008-ին մտցված անվճար ծննդօգնության համակարգի հետ:

Այս տարի Հայաստանի 1400-ից ավելի դպրոցներ կընդունվեն մոտավոր հաշվարկներով 40 հազար առաջին դասարանցիներ:

Նախորդ երեք տարիների համեմատ՝ այդ թիվը շուրջ հինգ հազարով ավելի է: «Ազատության» հետ զրույցում այսպիսի տվյալներ ներկայացրեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Այս տարի դպրոց են գնալու 2008 թվականին ծնված երեխաները: Հովհաննիսյանը հիշեցնում է, որ հենց 2008-ին ծննդօգնությունը Հայաստանում անվճար դարձավ:

Հանրակրթության վարչության պետը նշում է, որ թե' մարզերում, թե' Երևանում բոլոր դպրոցները պատրաստ են ընդունել առաջին դասարանցիներին: Նրանք կսովորեն վերանորոգված, իրենց տարիքին համապատասխան կահավորված դասարաններում:

Չնայած դպրոցները պատրաստ են, շատ ծնողներ դեռևս գումար չունեն երեխաներին պատշաճ հագուստով, գրենական պիտույքներով դպրոց ուղարկելու համար: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ գնումների դուրս եկած ծնողները դժգոհում էին, որ իրենց աշխատավարձը բավարար չէ գոնե մեկ երեխայի ծախսերը հոգալու համար:

Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ տարրական դասարաններում սովորողների դասագրքերն անվճար են, իսկ բարձր դասարանցիների դեպքում չեն վճարում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Սակայն «Ազատության» հետ զրույցում ծնողներից մեկը նշեց, որ չնայած իրենք սոցիալապես անապահով են, տարբեր տեսակի վճարումներից չեն կարողանում խուսափել․ - «Դա սուտ է, կյանքում ոչ մի բան ձրի չեն տալիս»:

Մեկնաբանելով առաջին դասարանցիների թվի ավելացումը` հանրակրթության վարչության պետն ասաց, որ թեև որոշակի աճ կա, այդուհանդերձ, մի շարք դպրոցներ չեն լրացնի դասարանները և կհայտնվեն ֆինանսական խնդիրների առջև:

«Հիմնական դպրոցներն էլ ունեն խնդիրներ: Այնպես չէ, որ բոլորը բավարար քանակով առաջին դասարանցիներ կընդունեն: Դպրոցներ կան, որտեղ նույնիսկ քաղաքապետարանին զգուշացրել ենք, որ առաջին դասարանցիներ չընդունեն, որովհետև սանիտարական նորմերն են անգամ խախտվում», - նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը, այս տարի ավարտել է 30 հազար աշակերտ՝ այս տարվա առաջին դասարանցիներից 10 հազարով քիչ: Հիմնական դպրոցի շրջանավարտներից շատերը մտադիր չեն ուսումը շարունակել ավագ դպրոցներում և նախընտրում են քոլեջները: Արդյունքում ընդամենը 6 տարվա պատմություն ունեցող ավագ դպրոցներից շատերն այս տարի ֆինանսական խնդիրներ են ունենալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG