2014 թվականին Հայաստան կապիկներ չեն բերվել: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արման Մարգարյանը՝ նշելով, որ էբոլա վիրուսի տարածման հետ կապված որևէ վտանգ գոյություն չունի:
«Այն ժամանակահատվածում, երբ Գվինեայում բռնկումը եղել է՝ 2014 թվականի փետրվարին, այդ ժամանակվանից ի վեր Հայաստան ներմուծված կապիկներ չեն եղել», - ասաց Մարգարյանը:
Թե ինչո՞ւ է մահացել Գվինեայից Հայաստան բերված 2 կապիկներից մեկը, պարզ չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ասում են, որ պատճառը միանշանակ էբոլան չէ:
Ամեն դեպքում, այս օրերին, երբ կա հիվանդության բռնկումը, իսկապես վտանգավոր է աֆրիկյան երկրներից կենդանիներ բերելը: Այդ պատճառով Մարգարյանի խոսքով՝ 2 օր առաջ նման արգելք է սահմանվել:
«Գվինեայից, Սիերա Լիոնեից, Լիբերիայից և Նիգերիայից ներկրման ժամանակավոր արգելք է գործում: Դա այնքան ժամանակ կգործի, մինչև տվյալ հիվանդության վտանգը վերացված լինի», - նշեց Արման Մարգարյանը:
Էբոլա տենդի առաջին դեպքերը այս տարի փետրվարին արձանագրվեցին Գվինեայում, որտեղ համաճարակը շարունակվում է մինչև այսօր՝ տարածվելով աֆրիկյան ևս 3 պետություններում: Այդ երկրներում կառանտին է սահմանված, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս տարվա բռնկումը դիտում է որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Սա նշանակում է, որ հիվանդության դեպքեր կարող են գրանցվել աշխարհի բոլոր երկրներում, նաև՝ Հայաստանում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեր երկրում դեռ որևէ դեպք չի գրանցվել և անգամ կասկածելի ախտանշաններով դեպքեր չեն եղել, սակայն նշում է, որ բարձրացվել է բոլոր բուժաշխատողների, տուրիստական գործակալությունների զգոնությունը:
Առողջապահության նախարարությունը դիմում է նաև բնակչությանը՝ հորդորելով հատկապես աֆրիկյան այդ երկրներից վերադարձած մարդկանց որևէ ախտանշանի դեպքում դիմել բժշկի:
Հիվանդության գաղտնի շրջանը 2 օրից միչև 3 շաբաթ է տևում, դրանից հետո այն միանգամից զարգանում է և դեպքերի ավելի քան 90 տոկոսի դեպքում ավարտվում է մահով: Էբոլա տենդը հեշտությամբ տարածվում է հիվանդ մարդուց առողջին: