Մատչելիության հղումներ

Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը


Սոչիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում կարևորել է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգային ձևաչափերը՝ մասնավորապես նշելով․ - «Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ»:

Իր հերթին Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին:

«Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա», - շարունակել է Ալիևը: - «Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի ջանքերը՝ «այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար»:

Արձագանքելով Ալիևի խոսքերին, Սերժ Սարգսյանն ընդգծել է․ - «Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի»:

Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել երկու նախագահների խոսքերը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

«Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի մոտ առկա է»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG