Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սոչիում այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հույս են հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային և խաղաղ հանգուցալուծման հանգել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ռուսաստանը, որպես մեր մերձավոր բարեկամ, գործընկեր և հարևան առանձնահատուկ դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործում․ հույս ունենք, որ մոտ ապագայում բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև արդարացի կլինի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հույս հայտնել, որ Պուտինի անձնական ներգրավվածությունը «նոր շունչ կհաղորդի բանակցային գործընթացին»:
Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ՝ «հակամարտությունը հարկավոր է լուծել փոխզիջումային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա»: Նա հավելել է, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»: