Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյան․ «Հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության»


Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ և այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես, տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ», - նշել է Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հավելել է ՊՆ խոսնակը:

Նշենք, որ Ադրբեջանը իր հերթին հրադադարի ռեժիմի խախտման մեջ է մեղադրել հայկական կողմին: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, երեկ երեկոյան Թովուզի շրջանում «հայկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Ֆատալիզադե Ռուֆատ Նազիմ օղլուն»: Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի Գեդաբեկի շրջանում վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Օրհան Գալիբ օղլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG