Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կարծիքով, վաղը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կարող է նվազել, սակայն Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպումից ավելին չի սպասում:
«Ինչ վերաբերում է ակնկալիքներին այս հանդիպումից՝ մենք շատ լավ հասկանում ենք՝ Ադրբեջանի այսպիսի դեստրուկտիվ, սադրիչ պահվածքի դեպքում սպասել առաջընթաց բանակցային գործընթացում անհնարին է», - «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:
«Արդյոք դա կնվազեցնի՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը՝ հույս ունեմ, որ այո», - հավելեց Շավարշ Քոչարյանը:
Մեր խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի պաշպանության նախարարարության՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրությանն այն մասին, թե իրենց հրթիռներն ուղղված են Հայաստանի վրա և պատրաստ են հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երևանը, Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասաց․ - «Չկա Ադրբեջանի որևէ կետ, որը հասանելի չէ հայկական հրթիռների համար: Այդպիսի կետ չկա, և դա շատ լավ գիտեն ադրբեջանցիները: Եվ եթե իրենք ունեն որոշակի առավելություն՝ կապված հրթիռների և ինքնաթիռների հետ, ապա մենք ունենք առավելություն՝ կապված հակաօդային պաշտպանության հետ»: