Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարության կազմում գործող Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տարածած հայտարարությունում նշվում է, որ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով օգոստոսի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ, հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն Կարեն Պետրոսյանը այսօր առավոտյան «անհայտ պատճառներով հանկարծամահ է եղել»: Ադրբեջանական լրատվական կայքերն էլ շրջանառում են տեղեկություններ այն մասին, որ մահվան պատճառ է դարձել սրտանոթային սուր անբավարարությունը, սրտա-թոքային և սրտամկանային անբավարարությունը:
«Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կ. Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են», - ասված է հայտարարությունում, - «Հաշվի առնելով վերոնշյալը` չպարզված հանգամանքներում Կ.Պետոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: Ուստի ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար»:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին նաև կոչ է անում դրսևորել հետևողականություն` գործի անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար: