Մատչելիության հղումներ

Եվրասիականին միանալու հարցում ժամկետների փոփոխություն չկա՝ «հոկտեմբերն ուժի մեջ է»


Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ներպետական ընթացակարգերը մեկնարկել են։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երեկ հավանության արժանացրեց Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Փաստաթուղթը ներկայացվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստորագրման։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Կառույցին Հայաստանի անդամակցության ժամկետների փոփոխություն, այս պահին չկա՝ հոկտեմբերն ուժի մեջ է»։

Պայմանագիրը ստորագրվելուց հետո այն պետք է վավերացվի նաև Հայաստանի խորհրդարանում։

«Նույն ընթացակարգերը, կամ, միգուցե տարբեր։ Նայած, ամեն երկիր իր ընթացակարգերն ունի, պիտի անցկացնեն նաև մյուս գործընկեր երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը, որից հետո, ես կարծում եմ, որ, արդեն՝ համաձայնության դեպքում, կլինի ստորագրելու պահը»,- ասաց Ճշմարիտյանը։

Հարցին՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ լինելու է, թե ոչ, նախարարը պատասխանեց. - «Այսօրվա գործող փաստաթղթում այդպիսի ոչ մի նշում չկա»։

Հարցին, թե Հայաստանն արդյունավետ պայմաններո՞վ է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, Ճշմարիտյանն ասաց, որ անգամ բանակցությունների ավարտից հետո հնարավոր չէ կանխատեսել՝ որ ապրանքատեսակների դեպքում թանկացում կլինի, որոնց դեպքում՝ գների նվազում։

«Ներկայացվել է Հայաստանի հայտը՝ բացառություններ ստանալու, որում եղել է մոտ 900 ապրանք։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է պահպանել մոտ 800 հիմնական այն ապրանքատեսակները, որոնք զգայուն են Հայաստանի համար. առաջին տեղում եղել են սպառողական զամբյուղի առաջին 25 ապրանքները և առաջնահերթ 400 ապրանքները, որոնց գները Հայաստանի տնտեսության համար սոցիալական տարբեր խմբերի համար զգայուն են։ Եվ այսօր, օրինակ՝ կարող ենք ասել, որ, ցանկի առումով, դեռևս նոր առաջարկներ չկան. թե, որ ապրանքատեսակները կթանկանան, որոնց գները կիջնեն, այսօր միանշանակ ասել բարդ է, որովհետև, գիտեք ինչ, այնքան արագ ու դինամիկ է զարգանում աշխարհը, ինչքան նոր տեխնոլոգիաներ են առաջանում, ընդ որում, այն ծանր հումքատեսակները, որոնք Հայաստանի Հանրապետության արտադրության համար գնում են, հիմնականում ներառված են այդտեղ, և որ ամենակարևորն է՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսներն ու մեզ համար շատ զգայուն՝ ալմաստի հումքը, որ ազատվում է արտահանման մաքսատուրքերից Ռուսաստանի Դաշնության»,- ասաց Ճշմարիտյանը։

Ռուսաստանը մեկուսանում է միջազգային համայնքից։ Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ձգտում մի միություն, որն, ըստ էության, առավելապես Ռուսաստանի քավորությամբ ստեղծվեց, Ճշմարիտյանը պատասխանեց. - «Թույլ տվեք չհամաձայնել. պրոցեսը մշտապես պիտի գոյություն ունենա։ Միություն ասածն, ինքը շատ դրական բան է, նայած, թե ինչպես ես դրանից օգտվում, իսկ պրոցեսները, գիտեք, այնքան դինամիկ են, որ կարող է մի օր մենք արթնանանք ու տեսնենք, որ այդ հարաբերությունները շատ ավելի լավ են, քան մենք կարող էինք պատկերացնել»։

ԱՄՆ-ը զգուշացրել էր Հայաստանի կառավարությանը և գործարարներին այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների և ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում։ Հարցին՝ Հայաստանն ընդունե՞լ է այդ նախազգուշացումն ի գիտություն, և արդյո՞ք կլինեն գործարքների սառեցումներ, նախարարը պատասխանեց.- «Նախ, որքան որ ես մամուլից եմ ծանոթացել, որովհետև մենք դա պաշտոնապես չենք ստացել ամերիկյան դեսպանությունից, դա ավելի շատ կոչ էր։ Մեր տնտեսվարողները Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում եղել են ազատ իրենց ընտրության մեջ՝ իրենց գործընկերների, գործընկեր երկրների, բայց գործել են այն միջազգային պարտավորությունների սահմաններում, որոնց Հայաստանը անդամակցում է՝ դրանք ՄԱԿ-ի տարբեր կոնվենցիաներն են, տարբեր սահմանափակումները, որոնք դրված են եղել ՄԱԿ-ի որոշմամբ, և մեր ընկերությունները դրանք պահպանել են։ Այսինքն՝ այստեղ Հայաստանի կառավարությունը որևէ ձևով արձագանքի, ուղղորդի, կամ ասի, թե գիտեք ինչ, եկեք սրա հետ դեռևս չշփվենք, մյուսի հետ շփվենք... Մենք ունենք շատ լավ օրինակ հարևան երկրի, որի հետ հարաբերություններն այսօր էլ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա»։

Ռուսաստանը Արևմուտքի պաժամիջոցներին պատասխանել է հակառակ պատժամիջոցներով, ու նաև իր գործընկերներին է կոչ անում նման կերպ վարվել։ Հարցին, թե Հայաստանի պատասխանն ինչպիսի՞ն կլինի Կրեմլին, Ճշմարիտյանը պատասխանեց․ - «Եկեք գուշակություների դաշտ չընկնենք։ Ձեր հարցի հետ հիշեցի «Մենք ենք՝ մեր սարերը» ֆիլմում, որ ասում էր՝«Հիտլերն էլ երեխա ժամանակ քարից ընկներ...»: Եկեք ընթացքից առաջ չընկնենք, համենայն դեպս, այսօրվա դրությամբ Բելառուսն ու Ղազախստանը որևէ ձևով, որքան, որ ես եմ տեսել, պաշտոնապես չեն արձագանքել։ Կան որոշակի նորմեր Մաքսային միության համաձայնագրում, որոնք թույլ են տալիս մի երկրի՝ իր շուկան պաշտպանելու առումով, միջոցներ կիրառել, ընդ որում, այդ իրավունքը նաև Հայաստանին է վերապահված լինելու հետագայում։ Այսինքն՝ դա, այն պաշտպանական միջոցառումից է, որ կոչվում է «ներքին շուկայի պաշտպանություն», որն ԱՀԿ անդամ բոլորն երկրները ընդունել են, Հայաստանը՝ նույնպես։ Այստեղ, պարզապես, հիմա գուշակությունների գիրկը ընկնել, կարծում եմ, սխալ կլինի ու ճիշտ չէ ենթադրություններ անել»։

Ճշմարիտյանի խոսքով՝ դեռևս վաղ է խոսել Հայաստանի վրա Արևմուտքի և Ռուսաստանի տնտեսական պատերազմների ազդեցությունից։

«Դեռևս նոր է սկսվել։ Այսօրվա դրությամբ այն ծրագրերը, որոնք գոյություն ունեն նույն Ռուսաստանի հետ էլ, Եվրամիության երկրների հետ էլ, փոխոխության՝ Հայաստանի առումով, դեռ չեն ենթարկվել ու աշխատում ենք, որպեսզի փոփոխության չենթարկվեն։ Այսինքն՝ մեր խնդիրն է ավելի շատ, նույնիսկ այս պայմաններում, կայունություն պահել՝ և՛ հարաբերությունների, և՛ տնտեսական զարգացումների», - փոխանցեց էկոնոմիկայի նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG