Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ օգոստոսի 7-8-ը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 5 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 1425 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրության մեջ: