Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում դրական ակնկալիքներ ունեն Սոչիի հանդիպումից


Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության վերջնական կարգավորումն անհնար է, ընդգծում է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի պաշտոնյան:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, «Ազատության» հետ զրույցում խոսելով վաղը Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, ասաց՝ Ստեփանակերտում հույս ունեն, որ վերջին օրերին շփման գծում լարված իրավիճակը ևս կքննարկվի հանդիպման ժամանակ:

«Մենք ընդհանրապես ցանկացած հանդիպում արժևորում ենք, որովհետև նման հանդիպումները հանդիսանում են կայունության և խաղաղության պահպանման կարևոր բաղադրամասերից մեկը: Կարծում եմ՝ [այս հանդիպման] հիմնական շեշտը պետք է դրվի վերջերս Ադրբեջանի կողմից այդ իրավիճակի ապակայունացման վրա, և ավելի, էսպես ասած, լուրջ քայլեր կատարվեն խաղաղությունը ու կայունությունը պահպանելու համար», - ասաց Բաբայանը:

Նա հավելեց, որ, ամեն դեպքում, պետք չէ այդպիսի հանդիպումներից ակնկալել վերջնական կարգավորում, քանի որ առանց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորումն անհնար է:

«Ո՞նց կարելի է հակամարտությունը կարգավորել և փաստորեն կանխորոշել Արցախի ժողովրդի ապագան առանց Արցախի ժողովրդի, Արցախի հանրապետության մասնակցության: Սակայն քանի որ ձևաչափի փոփոխությունը, ավելի շուտ՝ վերականգնումը, ավելի երկար գործընթաց է, դրա համար այս հանդիպման ընթացքում մենք ներկա դրությամբ չենք խոսում ձևաչափի վերականգնման մասին: Բայց առանց հիմա առկա խեղաթյուրված ձևաչափի վերանայման անհնարին է լինելու կարգավորել հակամարտությունը», - շեշտեց Բաբայանը՝ նշելով, որ այդպիսի հանդիպումների կարևորությունը նրանում է, որպեսզի «պահպանվի զինադադարի ռեժիմը, խաղաղությունը, կայունությունը և հետևաբար՝ բազմաթիվ մարդկանց կյանքը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում դրական ակնկալիքներ ունեն այս հանդիպումից:

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի, որտեղ վաղը՝ օգոստոսի 9-ին տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ «քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը»:

Ադրբեջանի կողմից առայժմ նման պաշտոնական հայտարարություն չի հնչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG