Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դժվարացավ ասել՝ Սոչիում Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից հետո սահմանին խաղաղություն կհաստատվի, թե՝ ոչ։
Շարմազանովի կարծիքով, Սոչիի հանդիպման թիվ մեկ խնդիրը պետք է լինի Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելը. պատերազմ կամ փոքրիկ դիվերսիաներ սանձազերծող կողմը պետք է տուժի, որովհետև արհամարհում է խաղաղություն հաստատելու՝ միջազգային հանրության ջանքերը:
«Պետք է միջնորդ կողմերը պրեսինգի ենթարկեն Ադրբեջանին», - ասում է նա:
Ինչպե՞ս հասնել հրադադարի պահպանմանը՝ Շարմազանովի խոսքով, երկրորդական հարց է։
Ազգային Ժողովի փոխնախագահն, այնուամենայնիվ, ընդգծեց՝ Հայաստանը դեմ է իրավիճակին տրվող միջազգային հանրության ընդհանուր գնահատականներին։
«Կարող է լինել և՛ հայտարարություն, կարող է լինել և՛ միջանկյալ ինչ-որ փոքրիկ փաստաթուղթ, կարող է որևէ բան չլինել՝ դա կախված է ադրբեջանական կողմի մոտեցումներից։ Այսինքն, մշտապես այս բանակցությունները փակուղի մտցնող կողմը եղել է Ադրբեջանը, դա նորություն չէ՝ Կազանում էլ այդպես եղավ, մինչ այդ էլ այդպես էր, հիմա էլ է այդպես։ Մեկ անգամ չէ, որ հայկական կողմն, ամենաբարձր մակարդակով, առաջարկել է ադրբեջանական կողմին հանել դիպուկահարներին շփման գծից։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ միայն չեն հանում, այլև կրակում են» ,- ասաց Շարմազանովը։
Իշխանության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում ևս մեկ անգամ կրկնեց՝ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահների տեղակայման խնդիր գոյություն չունի։
Ֆրանսիայի նախագահը և՛ Հայաստանում, և՛ Բաքվում պատրաստակամություն էր հայտնել երկու նախագահների հանդիպումը կազմակերպել Փարիզում, սակայն այդ հանդիպումը շաբաթավերջին կայանալու է Սոչիում։
Հարցին, թե ինչո՞ւ Սոչիում, երբ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Ռուսաստանը կրկին խաղաքարտերն ուզում է իր ձեռքը վերցնել, Շարմազանովը պատասխանեց. «Նախագահները պետք է հանդիպեին Սոչիում նախագահ Պուտինի հետ, բնականաբար, հարմար առիթ է, որպեսզի նաև քննարկեն այն ապակառուցողական իրավիճակը և իրադրությունը, որ այսօր Ադրբեջանի շնորհիվ կա տարածաշրջանում»։
Դիտարկմանը, թե Հայաստանի համար մեկ էր՝ որտեղ հանդիպեին՝ եվրոպական երկրում, ամերիկյան, թե՝ ռուսական, Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Ռուսաստանը շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում, կարող եմ ասել ամենաազդեցիկ խաղացողներից մեկն է, եթե ոչ ամենաազդեցիկը, և չպետք է զարմանալ, որ Ռուսաստանը նախաձեռնեց այս հանդիպումը, ինչպես նաև չպետք է զարմանալ, որ կարող է հաջորդ հանդիպումները նախաձեռնեն կամ Վաշինգտոնը, կամ Փարիզը»։
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահը եզրակացրեց՝ Հայաստանի նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղին վերադարձնել բանակացային սեղան, եթե Բաքուն դեմ լինի դրան, ուրեմն գործընթացը ցանկանում է մտցնել փակուղի։
«Դա, ասել ենք ամեն տեղ և պետք է հասնենք դրան։ Որևէ մեկն իրավունք չունի, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց իշխանությունների, որոշել նրանց ճակատագիրը»,- հայտարարեց Շարմազանովը։
Նա հավելեց, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է, խուճապի առիթ չկա։
Այնուհանդերձ, Շարմազանովը կարևորեց երկու օր առաջ խորհրդարանական վեց խմբակցությունների համատեղ հայտարարությունը։
Հիշեցնենք՝ խորհրդարանի ընդդիմադիր և իշխանական թևի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ միջնորդներին, նաև՝ միջազգային հանրությանը, կոչ էին արել հրադադարի պահպանման համար կոնկրետ քայլեր մշակել և բացառել հարցը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի ձգտումները։
«Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, մենք ունենք տարբեր կարծիքներ, մենք մեկս մյուսին քննադատում ենք, և դա շատ նորմալ է, բայց, երբ որ, փոքր ինչ վտանգ է սպառնում մեր հայրենիքին, մենք պետք է բոլորս արտաքին թշնամու դեմ լինենք միասնական, որովհետև առանց անվտանգության կայացած համակարգի, դժվար է խոսել, թե՛ ժողովրդավարությունից, թե՛ տնտեսական և քաղաքական զարգացումներից։ Իսկ այն, որ արդեն ես տեսնում եմ որոշ իմ գործընկերների մոտ, որ դա չի նշանակում, որ մենք չենք քննադատելու՝ ծիծաղելի կլիներ, որ չքննադատեին. ես ստեղ ուզում եմ հասարակությանն ասեմ, որ այս վեց ուժերի հայտարարությունը չի նշանակում, որ բոլոր հարցերում, բոլոր քաղաքական ուժերը միասնական են»,-ասաց Շարմազանովը։
Ազգային ժողովի վեց խմբակցությունների ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շաբաթ օրը կայցելեն դիրքեր։