Ուկրաինական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա օգտվել Ռուսաստանի օդային տարածքից` տարանցիկ չվերթներ իրականացնելու համար: Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց, որով երկրի օդային տարածքը փակվում է ուկրաինական ավիաընկերությունների համար: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Դադարեցվում են ուկրաինական ավիաընկերությունների Ռուսաստանի օդային տարածքով իրականացվող տարանցիկ չվերթները դեպի մի շարք պետություններ` Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա», - ասաց Մեդվեդևը:
Նա նաև չբացառեց, որ ռուսաստանյան պատժամիջոցների հաջորդ թիրախը դառնան արևմտյան ավիաընկերությունները:
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը քննարկում է մի շարք պատասխան միջոցներ: Նախևառաջ դա Ռուսաստանի օդային տարածքի օգտագործման արգելքն է` Արևելյան Ասիայի պետություններ տարանցիկ թռիչքներ իրականացնող ամերիկյան և եվրոպական ավիաընկերությունների համար: Բացի այդ, չի բացառվում, որ մենք վերանայենք կանոնավոր և չարտերային թռիչներ իրականացնող եվրոպական ավիաընկերությունների օդանավերի` մեր երկրի օդային տարածք մուտքի և ելքի կետերը: Դա, իհարկե, կազդի արևմտյան ընկերությունների կողմից վաճառվող տոմսերի գնի վրա», - նշեց Մեդվեդևը:
Հավելենք, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատասխան պատժամիջոցների միտքը ռուսական իշխանությունների մոտ ծագեց այն բանից հետո, երբ Եվրամիությունը որոշեց արգելել «Աէրոֆլոտ»-ի դուստր ավիաընկերությանը` «Դոբրոլյոտ»-ին, թռիչքներ իրականացնել եվրոպական ուղղություններով: