Մատչելիության հղումներ

Թուրք դերասանները չեն համաձայնել խաղալ Դինքի դերը


Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրությունում, դեկտեմբեր, 2006թ․
Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրությունում, դեկտեմբեր, 2006թ․

«Ակնհայտորեն ժամանակը դեռ չի հասունացել», - ասում է հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը:

Թուրքական արմատներով գերմանացի հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հարցազրույց է տվել «Ակոս» շաբաթաթերթին՝ ասելով, որ հրաժարվել է Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարից, քանի որ ոչ մի թուրք դերասան չի համաձայնել խաղալ 2007 թվականին սպանված «Ակոս»-ի խմբագրապետի դերը:

Փոխարենը` նա սկսել է աշխատել մեկ այլ ցավոտ թեմա շոշափող` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի վրա: Ֆիլմն արդեն նկարահանված է, միջազգային պրեմիերան սպասվում է օգոստոսի վերջին Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որտեղ ժապավենը նաև հիմնական մրցութային ծրագրում է:

Աքինը պատմել է, որ արդեն ավարտել էր Հրանտ Դինքի մասին ֆիլմի սցենարը, սակայն նկարահանումներին այդպես էլ չի հասել, քանի որ Դինքին մարմնավորելու համար հրավիրված թուրք դերասանները հրաժարվել են դերից:

«Ես այդպես էլ չկարողացա որևէ թուրք դերասանի համոզել խաղալ Հրանտ Դինքի դերը, բոլորն էլ սցենարը չափազանց դաժան համարեցին: Դրա համար ես այդ նախագիծը դադարեցրի», -«Ակոս»-ի հետ զրույցում ասել է Աքինը` բացատրելով, թե ինչու այլազգի դերասանի չներգրավեց ֆիլմում, այլ գերադասեց հրաժարվել նախագծից. - «Չեմ ցանկանում, որ որևէ դերասան տուժի, սակայն ինձ համար կարևոր է թուրքական ֆիլմ նկարահանել Հրանտի մասին: Ամերիկացի կամ ֆրանսիացի դերասանը չէր կարող խաղալ Դինքի դերը: Մենք ինքներս դա պիտի անենք: Բայց ակնհայտորեն ժամանակը դեռ չի հասունացել»:

Աքինն ասում է՝ Թուրքիան, սակայն, պատրաստ է այնպիսի մի ֆիլմի, ինչպիսին իր վերջին «Սպի» ֆիլմն է, որ պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG