Մատչելիության հղումներ

Թիվ 27 դպրոցի դատապարտված տնօրենը կրկին հավակնում է նույն պաշտոնին


27 դպրոցի դատապարտված տնօրենը կրկին հավակնում է նույն պաշտոնին
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Այսօր բավական թեժ քննարկումներով անցավ թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:

Մրցույթին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր դպրոցի նախկին տնօրեն, դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար 2013 թվականին քրեական պատասխանատվության ենթարկված Սուսաննա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը աշխատանքային պայմանագրեր էր կնքել 4 անձանց հետ, ովքեր չէին կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ ինքը ստացել և յուրացրել էր նրանց աշխատավարձերը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի խոսքով՝ Սարգսյանը իրավունք չունի մասնակցելու մրցույթների, քանի որ դատվածությունը չի մարվել:

««Հանրակրթության մասին» օրենքը արգելում է, ՊՈԱԿ-ի մասին օրենքը արգելում է, որ դատված մարդը, քանի դեռ նրա դատվածությունը չի մարվել, իրավունք չունի տնօրեն լինելու», - ասաց Բախշյանը:

«Բարև Երևան»-ի ղեկավարը միևնույն ժամանակ նշում է, որ տնօրենի մրցույթի կազմակերպման կարգում դատվածությունը մարված լինելու մասին ոչինչ չի ասվում, ինչից էլ օգտվել է Սարգսյանը:

Դպրոցի նախկին տնօրենը մինչդեռ նշում է, որ ինքը դատարանի դահլիճում ընդունել է իր մեղքը, վճարել պատճառած վնասի չափով գումարը և համաներում ստացել, իսկ դատվածությունն արդեն մարվել է:

«Ես այսօր դպրոցում եմ՝ իրականացնելու իմ սահմանադրորեն պաշտպանված աշխատանքային իրավունքը և փորձելու եմ մինչև վերջ պաշտպանել իմ իրավունքները: Հիմնական մասով դատարանի դահլիճից ես դուրս եմ եկել դատվածությունը մարած, և միայն 6 ամսվա սահմանափակումն է գործել: Հուլիսի 26-ին այդ վեց ամիսը լրացել է և այսօր խորհուրդն է իրավասու որոշել՝ ես կլինեմ ընտրված տնօրեն, թե ոչ», - ասաց դպրոցի նախկին տնօրենը:

Հարցի իրավական կողմից բացի՝ Բախշյանին հատկապես անհանգստացնում է այն, որ դպրոցի, պետության գումարները յուրացրած մարդը կարող է նորից տնօրեն դառնալ, և դա նրան կարող են թույլ տալ ինչպես դպրոցի կառավարման խորհուրդը, այնպես էլ պետական մարմինները:

«Ես անբարոյականության այս աստիճանի համար եմ մտահոգվում, չի կարող էսպես շարունակվել, չի կարող մանկավարժական կոլեկտիվը ղեկավարող և երեխաներին, ինչպես ինքն էր ասում՝ Նժդեհի խոսքերով դաստիարակելու արդար ճակատ ունեցող այդ առաջնորդը ունենա քրեական դատվածություն: Անհամատեղելի փաստ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր պայքարում էր 4 թեկնածու: Ուշագրավ է, որ մրցույթի արդյունքում կառավարման խորհրդի 6 անդամներից 4-ը ընտրել էին դատապարտված նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանին:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Հարությունյանը, սակայն, չեղյալ հայտարարեց ընտրության արդյունքները՝ նշելով, որ խորհրդի երկու անդամները բացակայում են և պետք է նոր մրցույթ անկացվի: Դա առաջացրեց խորհրդի անդամների զայրույթը:

«Ես որպես նախագահող՝ գոհ եմ, ընտրությունը կայացել է ըստ օրենքի», - ասաց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նաիրա Վարդանյանը:

Չնայած տապալված մրցույթին՝ թիվ 27 դպրոցի նախկին տնօրենը նշեց, որ կրկին է մասնակցելու մրցույթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG