Մատչելիության հղումներ

Հարցում. Էրդողանին աջակցում է հասարակության 59 տոկոսը


Համաձայն Gallup World Poll-ի հրապարակած տվյալների՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հասարակության աջակցությունը Էրդողանին հասնում է 59 տոկոսի:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով Թուրքիայում առաջիկա ընտրությունների և Էրդողանի հնարավոր հաղթանակի մասին, նշում է.- «Վարչապետ Ռեջեփ Էրդողանն ակնհայտորեն մտադիր է ընտրվել որպես նոր, ավելի հզոր նախագահ: Եթե Թուրքիայի նախագահ ընտրվեց Էրդողանը, ինչն այժմ հավանական է թվում, ապա դա կվկայի երկրում «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) իշխող դառնալու մասին»:

Առաջին անգամ Թուրքիայի նախագահը կընտրվի ժողովրդի կողմից: 2014թ. օգոստոսին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Եթե նախագահի թեկնածուն չկարողանա հավաքել ձայների 50+1 տոկոսը, ապա ընտրությունների երկրորդ փուլը հավանաբար տեղի կունենա օգոստոսի 24-ին:

2007թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայում անցկացրած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հաստատեց, որ այսուհետ ժողովուրդն է ընտրելու երկրի նախագահին՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Այդ բարեփոխումները հաստատեցին նաև, որ Թուրքիայի նախագահն իրավունք ունի ընտրվելու ևս մեկ անգամ՝ 5+5 տարի ժամկետով: Մինչև սահմանադրական նոր բարեփոխումները Թուրքիայի նախագահին ընտրում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը` 7 տարի պաշտոնավարման ժամկետով:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները կարևոր էին ոչ միայն Թուրքիայի, այլ նաև անձամբ Էրդողանի համար:

Այս ընտրությունը տարբերվում է նախորդներից իսլամական երկու թեկնածուների միջև լուրջ մրցակցությամբ: Ինչպես նշում է թուրքագետ և միջազգայնագետ Ռեզա Սոլաթը, այս խնդիրը դառնում է ավելի հետաքրքիր, երբ հաշվի է առնվում, որ թեկնածուներից մեկը առաջադրվել է Թուրքիայի հիմնական աշխարհիկ կուսակցության կողմից, որը հավատարիմ է Քեմալ Աթաթուրքի ժառանգությանը:

Թուրքիայի հանրապետության 91-ամյա պատմության մեջ առաջին անգամ է, երբ ազգությամբ քուրդ, խորհրդարանի նախկին անդամ և քաղաքական ակտիվիստն առաջադրում է իր թեկնածությունը: Վերջապես Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն է, երբ Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող Թուրքիայի քաղաքացիներն իրավունք են ստանում մասնակցելու ընտրություններին:

Թուրքական հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժողովրդահանրապետականը» (ԺՀԿ) և «Ազգային շարժում» կուսակցությունները հանդես են գալիս մեկ միասնական թեկնածուով: Վերջիններիս ներկայացնում է Էքմելեդին Իհսանօղլուն, որը հայտնի է իսլամական աշխարհում, ինչպես նաև հայտնի գիտնական է Թուրքիայում: Իսկ քրդերը նախագահական ընտրությունների համար առաջադրել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը:

«Ակնհայտ է, որ ընդդիմությունը մասնատված և բաժանված է Թուրքիայում, իսկ վարչապետը շարունակում է մնալ առանց իրական մարտահրավերների: Եվ քանի որ ընտրությունների հիմնական թեկնածուն «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ղեկավարն է, Թուրքիայում կարծես սահմանված է միակուսակցական ռազմավարություն, որը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ երկրի ժողովրդավարացման համար»,- նշում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ռեզա Սոլաթը, անդրադառնալով Դեմիրթաշի թեկնածությանը, նշում է.- «Եթե նույնիսկ Թուրքիայի 20 քուրդ ազգաբնակչությունը ընտրի իր թեկնածուին, միևնույն է նա չի կարող ընտրվել նախագահ: Ինչևէ, Դեմիրթաշի թեկնածությունը մի քանի առումներով կարող է հիշեցում լինել, որը հաջողությամբ կօգտագործի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը»՝ Եվրամիությանը ներկայացնելով որպես ինստիտուցիոնալիզացիայի և ժողովրդավարության զարգացում երկրում»:

Ըստ Թուրքիայի հիմնական օրենքի՝ եթե վարչապետ Էրդողանը ընտրվի նախագահ, ապա ստիպված է լինելու հրաժարվել և լքել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնը:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ եթե Էրդողանն ընտրվի նախագահ, ապա կսկսվի քաղաքական նոր փուլ Թուրքիայի համար՝ նոր, ավելի հզոր և կատարելագործված նախագահի մասնակցությամբ, իսկ Էրդողանը կունենա իշխանության ավելի վտանգավոր աստիճան:

2014թ. Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու և 2019թ. վերընտրվելու դեպքում Էրդողանը կղեկավարի Թուրքիան մինչև 2024թ.՝ որպես նախագահ նշելով Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը 2023-ին:

Անուշիկ Ավետյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG