Մատչելիության հղումներ

Էբոլա վիրուսը կարող է հատել Աֆրիկայի սահմանը


Էբոլա տենդով վարակված մարդկանց հիվանդանոց Լիբերիայում
Էբոլա տենդով վարակված մարդկանց հիվանդանոց Լիբերիայում

Էբոլա վիրուսը, որը փետրվարից արագորեն տարածվում է Աֆրիկայի արևմուտքում, արդեն 670 մարդու կյանք է խլել: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը:

Վարակի օջախ համարվող աֆրիկյան երկու պետություններում՝ Սիերա Լեոնեում և Լիբերիայում արտակարգ դրություն է հայտարարված:

Լիբերիայի կառավարության հրահանգով փակվել են բոլոր դպրոցները, որոշ հատվածներում կարանտին է հայտարարված: Անգամ պետական ծառայողները, ովքեր չեն զբաղեցնում հատուկ պաշտոններ, պետք է 20 օր տանը մնան:

Մինչդեռ պետությունները որևէ կերպ չեն սահմանափակում միջազգային չվերթները դեպի այդ տարածքներ: IATA-ն՝ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան իր այսօրվա հայտարարությունում նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չվերթների սահմանափակումների կամ սահմանների փակման անհրաժեշտություն չի տեսնում:

Սակայն այս շաբաթ երկու ավիաընկերություններ՝ «Ասկի»-ն և նիգերիական «Արիկ Էյր»-ը հետաձգել են չվերթները Լիբերիա և Սիերա Լեոնե:

Մեծ Բրիտանիան նույնպես խստորեն մտահոգ է ստեղծված իրավիճակով, քանի որ էբոլա վիրուսով վարակված քաղաքներից չվերթները դեպի Անգլիայի օդանավակայան կարող են վարակի փոխանցման պատճառ հանդիսանալ:

Անգլիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համմոնդը շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու էբոլա վիրուսի հետ կապված քայլերը:

«Ակնհայտ է, որ ամենավատ վիճակում են գտնվում բռնկման տարածքները, և հետևաբար տրամաբանական կլինի մեր կողմից լրացուցիչ միջոցներ տրամադրել, որոնք կօգնեն այդ տարածքներում պայքարել վարակի դեմ»,- նշել է Ֆիլիպ Համմոնդը:

Իսկ Ներգաղթի ծառայության միության գլխավոր քարտուղար Լյուսի Մորենթոնը ահազանգում է, որ սահմանապահները, մաքսային ծառայության աշխատակիցները պատրաստ չեն դիմակայել էբոլա վիրուսին: Մեծ թվով մարդիկ են մուտք գործում Մեծ Բրիտանիա, իսկ իրենք բավարար տեղեկատվություն չունեն վարակի դրսևորումների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը, առաջին անգամ էբոլա վարակը հայտնվել է 1976 թ.: Այն հիմնականում հայտնաբերվել է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հատվածներում և կարող է ունենալ 90 տոկոս մահացության ցուցանիշ:

Լիլիթ Քոչինյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG