Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն ու ընդդիմությունը պահանջում են ազատ արձակել Յունուսին


Չնայած հնչող քննադատությանը՝ ադրբեջանցի իրավապահները շարունակում են պնդել, որ Լեյլա Յունուսը լրտեսական գործունեություն է ծավալել հոգուտ Հայաստանի:

Առաջիկա երեք ամիսներն Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկը` Լեյլա Յունուսը կանցկացնի Քյուրդախանի ավանում գտնվող թիվ մեկ քննչական մեկուսարանում:

Հայաստանի օգտին լրտեսության, ինչպես նաև մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող Յունուսի խափանման նման միջոցը երեկ երեկոյան ընտրվեց` Բաքվի Նասիմիի շրջանի դատարանի մի քանի ժամ տևած նիստից հետո: Նույն դատարանի որոշմամբ Լեյլա Յունուսի ամուսնուն` քաղաքագետ Արիֆ Յունուսին արգելել են լքել Ադրբեջանի տարածքը:

Դատական նիստի ավարտին Յունուսի փաստաբան Ջավադ Ջավադովը նշում էր, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքները ծայրահեղ ծանրության են:

«Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 274 հոդվածով` հայրենիքի դավաճանություն, որի համար նախատեսվող պատիժը 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն է: Մեղադրանք է առաջադրվել մի շարք այլ հոդվածներով ևս` հարկերից խոսափել, խարդախություն: Պաշտպաններին նախևառաջ հետաքրքրում է, թե այդ գործողություններով ո՞ւմ է խաբել կամ ո՞ւմ ունեցվածքն է յուրացրել Լեյլա Յունուսը: Քրեական գործում սակայն չկան վկաներ կամ ապացույցներ: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ այս գործը կեղծ հիմքերի վրա է կառուցված»,- հայտարարում էր Ջավադովը:

Այսօր արդեն Լեյլա Յունուսի կալանավորման մասին որոշումը սկսեցին խստորեն քննադատել թե երկրի ներսում, և թե արտերկրում: Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշում էր.- «Արիֆ Յունուսի և նրա կնոջ՝ միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեմ ներկայացվող քրեական մեղադրանքները բացառապես քաղաքական դրդապատճառներ ունեն: Կառավարությունը պետք է ի վերջո հասկանա, որ նման ձերբակալություններով արդարության համար պայքարողների քանակը նվազեցնել հնարավոր չէ»։

«Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին ևս համոզված է, որ այն ամենն, ինչ կատարվում է Յունուսների ամուսնական զույգի շուրջ, դասական քաղաքական հետապնդում է:

«Բոլորն էլ գիտեն, որ Լեյլա Յունուսը սկզբունքային գործիչ էր, իրավապաշտպան գործունեության շնորհիվ մեծ ճանաչում ուներ միջազգային ասպարեզում: Այժմ փորձ է կատարվում լռեցնել նրան, տեղի ունեցողը բարոյական ահաբեկչություն է Լեյլա Յունուսի դեմ: Նրան մեղադրում են, թե համագործակցել է հայերի հետ: Նույն տրամաբանությամբ հարկավոր է քրեական հետապնդման ենթարկել կառավարության այն բոլոր անդմաներին, ովքեր տարբեր միջազգային ծրագրերի ու նախագծերի շրջանակում առնչվում են հայերի հետ»,- նշում է Քերիմլին:

Մի քանի ժամ առաջ ի պաշտպանություն Լեյլա Յունուսի հայտարարությամբ հանդես եկան Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները:

«Լեյլա Յունուսը Ադրբեջանում հնչող այն անկախ ձայներից մեկն էր, որը կառավարությունը երկար ժամանակ փորձում էր լռեցնել: Չկարողանալով հասնել այդ նպատակին՝ իշխանությունները դիմեցին շինծու մեղադրանքների օգնությանը` նպատակ ունենալով պատժել Յունուսին կառավարության հասցեին հնչեցված քննադատության համար»,- հայտարարեց Amnsetsy International-ի ներկայացուցիչ Նատալյա Նոզադզեն:

Մեկ այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության` Human Rights Watch-ի ներկայացուցիչները ևս պահանջում են անհապաղ կերպով ազատ արձակել Լեյլա Յունուսին:

«Վերջին չորս ամիսներին Արիֆ և Լեյլա Յունուսներ դեմ ծավալված հալածանքների և ներկայացվող մեղադրանքների ողջ համատեքստը վկայում են, որ դրանք կեղծ են և միակ նպատակը իրավապաշտպաններին լռեցնելն է»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

Չնայած հնչող քննադատությանը՝ ադրբեջանցի իրավապահները շարունակում են պնդել, որ Լեյլա Յունուսը լրտեսական գործունեություն է ծավալել հոգուտ Հայաստանի: Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության նախարարությունը հերթական համատեղ հայտարարությունն են տարածել, որում շարունակում են պնդել, թե Լեյլա Յունուսը տարիներ շարունակ հավաքագրում էր Ադրբեջանի քաղաքացիներին՝ նրանց հայթայթած տեղեկությունները տրամադրելով հայկական կողմին, ինչպես նաև քարոզչական աշխատանք էր իրականացնում` ուղղված «Լեռնային Ղարաբաղի անջատական վարչակազմի ճանաչմանը»:

XS
SM
MD
LG