Մատչելիության հղումներ

Իսրայելի ու Գազայի գոտու միջև հրադադարի հույսեր դեռևս չեն նկատվում


Իսրայելի ու Գազայի գոտու միջև շարունակվում են անցած ամիսների ընթացքում ամենադաժան բռնությունները։ «Համաս»-ի զինյալ խմբավորումները դեպի Իսրայելի տարածք են արձակել 267Օ հրթիռ, Իսրայելը Գազային հասցրել է օդային 41ՕՕ հարված։ Գազայում զոհվել է 12ՕՕ մարդ, որոնց 75 տոկոսը՝ խաղաղ բնակիչներ։ Իսրայելի 56 զոհերից միայն երեքն են քաղաքացիական անձինք։

Գազայի գոտին, գտնվելով Իսրայելի ու Եգիպտոսի միջև, միշտ էլ եղել է իսրայելա - պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետը։ 1967 թվականին Գազան զավթելուց հետո, 2ՕՕ5 թվականին էր, որ Իսրայելն այստեղից դուրս բերեց իր ուժերը, սակայն շարունակում է վերահսկել Գազայի գոտու սահմանի հիմնական մասը, ջրամատակարարման ուղիներն ու օդային տարածքը։ Դրանից կրելով տնտեսական մեծ դժվարություններ՝ պաղեստինցիները՝ հանձին այստեղ կառավարող «Համաս» շարժման ու զինյալ այլ խմբավորումների, Իսրայելի նմանօրինակ վերահսկումը համարում են անհանդուրժելի։ «Համաս»-ի կանոնադրությունը նախատեսում է Իսրայելի վերացումը, սակայն վերջին տարիներին հայտարարում է Իսրայելի հետ երկարատև հրադադար հաստատելու պատրաստակամության մասին ու պնդում, որ Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու պատճառն այն է, որ Իսրայելը շարունակում է Հորդանան գետի Արևմտյան ափի ու Արևելյան Երուսաղեմի բռնազավթումը։

Վերջին այս ուժեղ բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ Իսրայելը հրեա երեք տղաների առևանգման ու ապա սպանելու մեջ մեղադրեց «Համաս»-ին, մեղադրանք, որը «Համաս»-ը հերքում է։ Լարվածությունն ավելի սրվեց, երբ դրանից հետո՝ որպես վրեժխնդրություն, Երուսաղեմում սպանեցին պաղեստինցի մի պատանու։ Սակայն սրանք որքան էլ ցավալի լինեն, պատրվակ լինելուց զատ, չեն կարող լինել գլխավոր պատճառ։ Պատճառներն ավելի խորն են, ինչպես արդեն ասվեց։

Իսկ ինչու է դժվար կողմերի միջև եթե ոչ խաղաղության, գոնե՝ հրադադար հաստատելը։

Իսրայելը հայտարարում է, թե իր նպատակը պաղեստինցի զինյալ խմբավորումների հրթիռային հարձակումներից իր տարածքները պաշտպանելն է։ «Համաս»-ը պնդում է, թե հարատև հրադադար կհաստատի միայն այն դեպքում, երբ հանվի Իսրայելի կողմից Գազայի գոտու շրջափակումը։ Մի բան, որից Իսրայելը հրաժարվել չի ցանկանում՝ հայտարարելով, որ եթե նույնիսկ ընդունի հրադադար, շարունակելու է ոչնչացնել «Համաս»-ի թունելները, որտեղից պաղեստինցիներն իրականացնում են հարձակումներ։

Եվ այսպես, կողմերի միջև այս վերջին բախումներն արդեն շարունակվում են ավելի երկար, քան Իսրայելի ու Գազայի միջև 2ՕՕ8 թվականի 22-օրյա և 2Օ12-ի ութնօրյա բախումները։ Ավելին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի ժողովրդին կոչ է անում պատրաստվել «երկարատև պատերազմի»: Նրա նպատակը «Համաս»-ին լիովին թուլացնելն է, ինչը, փորձագետների խոսքերով, մեղմ ասած, դյուրին չէ։

Իսրայելն ուժգնացնում է հարվածները՝ հիմնականում ուշադրություն չդարձնելով թիրախի էությանը։ Նախորդ օրն էլ այն հարվածեց ՄԱԿ-ի կողմից կառավարվող դպրոցի շենքին, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իսրայելին 17 անգամ տեղեկացրել էին այստեղ պատսպարված պաղեստինցի խաղաղ բնակիչների մասին։

Ու պատկերացնել կարելի է այն մարդու վիճակը, որի վիրավոր եղբայրը մինչև մահանալը նրան ասում էր, թե սրտի մեջ ցավ է զգում։

Ցավ էր զգում, երբ սիրտն արդեն մարմնից դուրս էր եկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG