Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սպառնում է ԱՄՆ-ին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացմանը:

Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ԱՄՆ-ի կողմից երեկ հայտարարված պատժամիջոցները գնահատվում են որպես հակաօրինական և հորինածին: Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման որոշումները կարող են հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացմանը և կարող են ավելի անբարենպաստ մթնոլորտ ստեղծել միջազգային հարաբերություններում, որտեղ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ը փորձում է իր պահվածքով «հետևողականության» տպավորություն թողնել և այդպիսով խուսափել Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական զարգացումներում պատասխանատվության իր բաժնից:

«Ոչ թե Ռուսաստանը, այլ կիևյան վարչախումբն ու իր անդրօվկիանոսյան հովանավորներն են մեղավոր արևելյան շրջաններում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվի համար: Հակառակ միջազգային նորմերին խաղաղ քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնող կիևյան զինվորականների արյունոտ գործողությունները քողարկող Սպիտակ տունը դատախազական պաթոսային ոճով շարունակում է մեր հասցեին առաջ քաշել անհիմն բողոքներ»,- նշված է ռուսական ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Կրեմլում տպավորություն է ստեղծվում, որ պատժամիջոցների միջոցով Միացյալ Նահանգները փորձում են հաշվեհարդար տեսնել Ռուսաստանի հետ՝ վերջինիս կողմից վարվող անկախ և Վաշինգտոնի համար անհարմար քաղաքականության համար, նաև ասված է հայտարարությունում:

«Այսպիսի ոչ կառուցողական և անհեռատես գծից իրական կորուստները ԱՄՆ-ի համար կլինեն շատ շոշափելի», - եզրափակում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG