Մատչելիության հղումներ

Բաքվում ԵԱՀԿ աշխատակցին հիշեցրել են, որ նա «Ադրբեջանի կառավարության աշխատակիցը չէ»


Ադրբեջան – Ադրբեջանական լրատվամիջոցների և ՀԿ-ների վերաբերյալ քննարկում ԵԱՀԿ-ի նիստի ժամանակ, Բաքու, 28-ը հունիսի, 2014թ․
Ադրբեջան – Ադրբեջանական լրատվամիջոցների և ՀԿ-ների վերաբերյալ քննարկում ԵԱՀԿ-ի նիստի ժամանակ, Բաքու, 28-ը հունիսի, 2014թ․

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի նիստի ընթացքում այդ կազմակերպությունում Վաշինգտոնի դեսպան Դանիել Բեըրը բավական կոշտ տոնով հիշեցրել է Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգող Ալեքսիս Շախտախտինսկուն, որ վերջինս Ադրբեջանի կառավարության աշխատակիցը չէ:

Բեըրը նաև կշտամբել է նրան քաղաքացիական հասարակության հետ կապերին և մարդու իրավունքների վիճակին բավարար ուշադրություն չդարձնելու համար` կոչ անելով կրկնապատկել քաղաքացիական հասարակության հետ իրական երկխոսությունը պահպանելու ջանքերը, ինչպես նաև նպաստել Ադրբեջանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարական ընտրություններին և հարգանքին` մարդու հիմնական իրավունքներին և ազատությունների հանդեպ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը:

Բեըրը Շախտախտինսկու ելույթից հետո դիմել է նրան՝ ասելով․ - «Ես նկատել եմ ձեր երկու լուսանկարները, և երկուսն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարարի հետ են: Մինչդեռ ես չեմ տեսել ձեր լուսանկարները քաղաքացիական հասարակության որևէ ներկայացուցչի հետ: Կցանկանայի պարզապես ձեզ հիշեցնել, որ թեև անկասկած ընդունող կողմի կառավարության հետ խորհրդակցությունները ձեր աշխատանքի կարևոր մասն են կազմում, սակայն դուք աշխատում եք մեզ բոլորիս համար և աշխատում եք` ղեկավարվելով այս կազմակերպության հիմքում ընկած արժեքներով, իսկ ձեր ղեկավարը Ադրբեջանի կառավարությունը չէ»:

Բեըրը նաև կոչ է արել իրական ջանքեր գործադրել` Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ կապեր հաստատելու համար: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ծրագրերի համակարգողը հատուկ պատասխանատվություն ունի Ադրբեջանի ժողովրդի և կառավարության հետ աշխատանքում` պաշտպանելու ԵԱՀԿ սկզբունքները և արժեքները:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության շարունակվող ճնշումները անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների վրա, Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել բազմաթիվ նման դեպքերի կապակցությամբ»,- հիշեցրել է Բեըրը` հավելելով, որ Միացյալ Նահանգները դեռևս խորապես մտահոգված է ընդդիմադիր առաջնորդներ Իլգար Մամեդովի, Թոֆիգ Յագուբլուի և հասարակական կազմակերպության ղեկավար Անար Մամմադլիի չհիմնավորված դատավճիռներով:

«Բացի այդ ԱՄՆ նախկինի պես անհանգստացած է իրավապաշտպան Լեյլա Յունուսի, նրա ամուսնու և լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործերով: Նրանք բոլորը ներգրավված են եղել ժողովրդական դիվանագիտության ծրագրերում: Ֆեյսբուքյան ակտիվիստների ձերբակալությունները` թմրանյութ պահելու կասկածելի մեղադրանքներով, իշխանության պատասխանն է կառավարությանն ուղղված նրանց քննադատությանը: Այս բոլոր դեպքերը տագնապալի ազդանշաններ են Ադրբեջանում սեփական կարծիքն արտահայտելու իրավունքի վիճակի վերաբերյալ»,- ասել է Բեըրը:

«ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մանդատը կոչ է անում, որ գրասենյակը կապեր պահի քաղաքացիական հասարակության հետ, այդ թվում կոնկրետ ծրագրերից և նախագծերից դուրս: Մենք կոչ ենք անում ձեզ խստորեն հետևել ձեր մանդատին` հաշվի առնելով, որ այժմ ջանքեր են գործադրվում սահմանափակելու ԵԱՀԿ գործունեությունը և քաղաքացիական հասարակության հետ կապերը, հատկապես` ԵԱՀԿ ծրագրերի հաստատման չափազանց բարդացված ընթացակարգի ֆոնին: Այս ամենը խոչընդոտում է ԵԱՀԿ-ին Ադրբեջանին արժեքավոր օժանդակություն տրամադրելու գործում և անընդունելի է»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG