Մատչելիության հղումներ

Համիդ Քարզայի ժառանգությունը


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ղեկավարում է իր երկիրը ավելի քան 12 տարի: Շուտով սպասվում է իշխանության խաղաղ փոխանցումը: Մինչ նա մի շարք ձեռքբերումներով է թողնում իր պաշտոնը, վերլուծաբանների կարծիքով՝ նրա թողած ավանդը տարակարծություններ է առաջացնում:

Համիդ Քարզայը Աֆղանստանի առաջին ժողովրդավարորեն ընտրված նախագահն է: Նա արևմտյան առաջնորդների դաշնակիցն է՝ ի տարբերություն դաշտային հրամանատարների և կրոնական ծայրահեղականների, ովքեր կառավարում էին այս երկիրը տասնամյակներ շարունակ:

Հարավային Ասիայից փորձագետ Քրիստինե Ֆեյըրն ասում է, որ նա արեց այն, ինչ ոչ ոք չէր արել, այն է՝ կառավարեց խնդրահարույց, բայց, այնուամենայնիվ, ժողովրդավարական կերպով և կարողացավ մնալ իշխանության ղեկին:

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Միացյալ Նահանգների ղեկավարած ուժերը ջախջախեցին Թալիբանին 2001-ին: Ապա Քարզայը ընտրվեց միջանկյալ կառավարության ղեկավար: Հետո երկու անգամ շարունակաբար հաղթեց ընտրություններում:

Սակայն քանի որ Թալիբանի դեմ պատերազմում քաղաքացիական զոհերի թիվը շարունակում էր աճել, նախագահ Քարզայի հարաբերությունները իր արևմտյան կողմնակիցների հետ դարձան ավելի լարված: Նա պնդում է, որ հիանում է ամերիկյան ժողովրդով, բայց այլ զգացմունքներ ունի նրա կառավարության հանդեպ:

«Ես վերապահումներ եմ արտահայտում և երբեմն զայրանում, շատ ուժեղ ցասումով լցվում ԱՄՆ-ի կառավարության հանդեպ Աֆղանստանում և աֆղան ժողովրդի շահերի նկատմամբ պահվածքի համար», - նշում է Քարզայը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է շուտով դուրս բերել մարտական զորքերը Աֆղանստանից: Ըստ նրա՝ այս տարվա վերջում աֆղաններն ամբողջական պատասխանատվություն կստանձնեն իրենց անվտանգության համար, և ԱՄՆ-ի մարտական առաքելությունը կավարտվի:

Նախագահ Քարզայը հրաժարվեց ստորագրել անվտանգության պայմանագիր, որը թույլ կտա մոտ 10 000 ամերիկյան զինվորականների մնալ Աֆղանստանում: Դա մտահոգում է Գրաեմ Սմիթի նման որոշ վերլուծաբանների։

«Եթե պետությունը քանդվում է, եթե անվտանգության ուժերը շարունակում են տարածքներ զիջել ապստամբներին շրջաններում, դրա հետևանքը արյունոտ է լինելու»,- կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Գրաեմ Սմիթը:

Քարզայը բարդ հարաբերություններ է ունեցել նաև հարևան Պակիստանի հետ՝ մեղադրելով Իսլամաբադին Աֆղանստանի ներսում հարձակում գործող խմբերին անվտանգ օթևան տրամադրելու մեջ:

Ըստ պակիստանցի վերլուծաբան Իմթազ Գյուլի՝ Քարզայի ներկայությունը նախագահական պալատում մշտական լարվածության աղբյուր է Իսլամաբադի համար, և նոր նախագահը պետք է, որ նոր էջից սկսի հարաբերությունները:

Քարզայի կառավարման տարիներին տնտեսությունը նշանակալի աճ ապրեց: Կյանքի միջին տևողությունը աճեց 20 տարով, միլիոնավոր կանայք ավելի մեծ հնարավորություններ ստացան: Սակայն չարաշահումները ու կաշառակերությունը դեռևս վտանգավոր մակարդակի վրա են:

Ըստ Քրիսթին Ֆեյըրի (Ջորջթաունի համալսարան), նրանք, ովքեր ճանաչում են Քարզայի էությունը, հավանաբար, դիտում են նրան իբրև խարդախ ղեկավարի, որը օգտվեց ԱՄՆ զորքերից, օգտագործեց փողերը և իրականում անհարգալից մնաց ԱՄՆ զոհողությունների հանդեպ:

Վերլուծաբանները կարծիքով՝ իրերի դրությունը բավականին հեղհեղուկ է և ԱՄՆ-ի մարտական ստորաբաժանումների դուրս բերվելուց հետո ավելի անկայուն կդառնա, քանի որ Աֆղանստանը այժմ արդեն պետք է հենվի սոսկ իր ուժերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG