Մատչելիության հղումներ

«Պուտինը ստացավ Ղրիմը, սակայն կորցրեց Ուկրաինան»


Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլ
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլ

Մալազիական ինքնաթիռի կործանումը ահռելի վնաս է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին և փոխել է ԱՄՆ-ի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Ռուսաստանը կարող է այս վիճակը հարթել՝ դադարեցնելով Ուկրաինայի արևելքում անջատողականներին տրամադրվող աջակցությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի ավելի կոշտ միջոցների դիմել. նման կարծիք է հայտնել Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը ռուսական gazeta.ru կայքին տված հարցազրույցում:

Նախկին դեսպանը նաև նշել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարումը Ասոցացման համաձայնագրից Ռուսաստանի մեծ հաղթանակն էր, սակայն Յանուկովիչի վարչախմբի տապալումը դրեց անհաջողությունների սկիզբը, և Պուտինը որոշեց վերցնել Ղրիմը:

«Շատերը Ղրիմի գրավումը համարում են հաղթանակ, իսկ ես համարում էի երաշխիք այն բանի, որ Ուկրաինան Եվրասիական Միության մեջ չի լինի: Պուտինը ստացավ Ղրիմը, սակայն կորցրեց Ուկրաինան։ Թագուհուն փոխեց զինվորի հետ»,- հայտարարել է նախկին դեսպանը:

Հարցին, թե արդյոք կա՞ր մտավախություն, որ Ուկրաինայում 2013թ-ի դեկտեմբերից ծավալվող իրադարձությունները կհանգեցնեին քաղաքացիական պատերազմի, դեսպանը պատասխանել է, որ դա վատագույն տարբերակն էր, բայց շատերի համար այն անսպասելի էր: Նա նաև նշել է, որ կասկածում է, որ Պուտինը նախօրոք ծրագրել էր վերցնել Ղրիմը, և հակված է Պուտինի այդ քայլը գնահատել ավելի շուտ որպես տակտիկական, զգայական արձագանք Յանուկովիչի վարչակարգի տապալմանն ու նրա փախուստին:

«Ռուսները ուրախացել էին այդ քայլից, խոսում էին «ռուսական գարնան» և «Նովոռուսիայի» մասին, հենց Ռուսաստանի նախագահն առաջին անգամ օգտագործեց այդ անվանումը: Արևմուտքում անհանգստացած էին, որ Ղրիմի տարբերակը կարող է կրկնվել Արևելյան Ուկրաինայում: Այդ հույսերն ու վախերը շուտով ցրվեցին և ոչ մեկը այլևս այդ մասին չի խոսում, բացառությամբ որոշ մարգինալ խմբերի: Անգամ Պուտինն այդ մասին չի հիշում: Նահանջի նրա ռազմավարությունը կայանում էր նրանում, որ Արևելյան Ուկրաինայում կառաջանար սառեցված հակամարտության նոր գոտի, ինչպես Մերձդնեստրում կամ Աբխազիայում, սակայն դրան ևս վիճակված չէր իրականանալ, և վերջին շաբաթներին ուկրաինական բանակի զգալի ռազմական հաջողություններից հետո Պուտինը որոշեց պատասխանել գերճշգրիտ զենքի մատակարարմամբ, ինչը ևս հանգեցրեց պարտության, քանի որ տեղի ունեցավ մալազիական օդանավի աղետը»,- եզրահանգում է ԱՄՆ-ին նախկին դեսպանը:

Մաքֆոլը նշում է, որ անգամ մալազիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած աղետից հետո Ռուսաստանի նախագահը կարող էր վիճակը շտկել՝ հայտարարելով՝ «մենք գիտենք, թե ինչպես է խփվել ինքնաթիռը, և աշխարհից ներողություն ենք խնդրում այդ ողբերգության մեջ ներգրավվածության համար» և երկրորդը, ինչ պետք է աներ Պուտինը, հայտարարեր, որ «պատերազմը երկարաձգվեց, մեզ պետք է խաղաղություն», դիմեր անջատողականներին՝ պահանջելով վայր դնել զենքերն ու բանակցություններ սկսել Կիևի հետ։ Նախկին դեսպանի կարծիքով՝ եթե Պուտինը այսպես վարվեր, միզգային հանրությունը լրջագույն ճնշում կգործադրեր Կիևի վրա, մինչդեռ Պուտինն այժմ անում է հակառակը:

«Դեռ ուշ չէ: Պուտինը այն մարդն է, որը ունակ է դիմել վճռական քայլերի, և ես դրա ականատեսն եմ եղել նախկինում, հենց նա է այն միակ մարդը, որը կարող է փոխել իրավիճակը, ԱՄՆ-ի նախագահը դա անել չի կարող»,- նշել է դեսպանը:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG