Մատչելիության հղումներ

Էրդողանը վստահ է, որ հաղթելու է առաջին փուլում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, նա հայտարարել է, որ չի լինի «ավանդական նախագահ», ինչպես նաև ակնարկել է, որ իր նախագահության շրջանը կներառի իշխանության աննախադեպ իրականացում:

«Նախագահի պաշտոնը շատ տարբեր է մեր պետությունում: Իմ նախագահ ընտրվելու դեպքում կլինի որոշակի ծրագրերի իրականացում: Երբ խոսում եմ այդ ծրագրերի իրականացման մասին, ինչպես արդեն հայտարարել էի, նկատի ունեմ, որ կօգտագործեմ իշխանությունը՝ տրված Սահմանադրությամբ, ես չեմ լինի ավանդական նախագահ, նախագահ, որը հետևում է նախադեպերին», - ասել է Էրդողանը Canal 7-ին տրված հարցազրույցում:

Համաձայն Թուրքիայի հիմնական օրենքի՝ նախագահը գործադիր մարմնի ղեկավարն է և իրավունք ունի նախագահելու կառավարության նիստերը, իրավունք ունի նաև ցրելու խորհրդարանը՝ ուղի հարթելով արտահերթ ընտրությունների համար: Այս լիազորություններն ամրագրված են 1982 թվականին ընդունված Սահմանադրությամբ, սակայն դեռ չեն օգտագործվել երկրի նախագահի կողմից: Էրդողանը ավելի վաղ նշել էր, որ միգուցե կառավարության նիստերին չի մասնակցի ամեն շաբաթ, այլ՝ ամսվա մեջ երկու անգամ, ինչպես անում է Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դեպքում:

Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ հաղթելու է օգոստոսի 10-ին՝ ընտրությունների առաջին փուլի ընթացքում:

Հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով՝ վարչապետը ընտրություններում կստանա ձայների 54-58 տոկոսը:

Քննադատելով որոշ վերլուծաբանների և մեկնաբանների, ովքեր ասել էին, որ Էրդողանը չի տարբերվի նախորդ նախագահից, Թուրքիայի վարչապետը հայտարարել է. - «Ո՞վ է ձեզ նման բան ասել, արդյոք ես աշխատել եմ նախորդ վարչապետի՞ նման: Թուրքիան երբեք չէր հասնի այն կետին, որում մենք գտնվում ենք հիմա, եթե ես աշխատեի նախորդ վարչապետի նման»:

Ավետյան Անուշիկ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG