Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը Տորոնտոյի դպրոցներում կշարունակվի


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

Դասաժամը դպրոցական ծրագրից հանելու՝ Կանադայի թուրքերի ջանքերը ձախողվել են:

Հայոց ցեղասպանությանը վերաբերող դասաժամը Տորոնտոյի դպրոցական ծրագրից հանելուն ուղղված Կանադայի թուրքերի ջանքերը ձախողվել են: Այս մասին Rudaw.net քրդական լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տորոնտոյի շրջանի կրթության բաժնի պաշտոնյան` հավելելով, որ հայերի ցեղասպանության պատմության դասավանդումը կշարունակվի առաջիկա տարիներին:

Ավելի վաղ Կանադայի թուրքերը ավելի քան 2 հազար 200 ստորագրություն էին հավաքել` պահանջելով Տորոնտոյի շրջանի դպրոցների ղեկավար խորհրդից Ցեղասպանությանը վերաբերող առարկան հանել կրթական ծրագրից` հիմնավորելով, թե այն ներկայացնում է միայն մեկ համայնքի կարծիքը և բացասաբար է ազդում թուրքական արմատներով աշակերտների վրա:

Chang.org կայքում առցանց ստորագրահավաքը կազմակերպել են Տորոնտոյի դպրոցներ հաճախող թուրք երեխաների ծնողները, ովքեր, պահանջելով ուսումնական ծրագրից հանել Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նյութ, իրենց դիմումում գրել են, թե խորապես մտահոգված են այն բացասական ազդեցությամբ, որ այդ առարկան թողնում է իրենց երեխաների վրա` պնդելով, որ այն հաճախ հանգեցնում է անմեղ երեխաներին ծաղրուծանակի ենթարկելուն, վախեցնելուն, ինչը իր հերթին հոգեբանական ու ֆիզիկական վնաս է պատճառում:

Չնայած այս պնդումներին` Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջիմ Կարիգիաննիսը Տորոնտոյից, ով պատրաստվում է այս աշնանը առաջադրվել քաղաքային խորհրդի ընտրություններում, Rudaw.net- ի հետ զրույցում ասել է, որ ապացույցներ չկան, թե թուրք երեխաները ծաղրի կամ ճնշումների են ենթարկվել դպրոցներում: Կարիգիաննիսի խոսքով` բարձր դասարաններում աշակերտներին հայոց և այլ ցեղապանությունների մասին դասավանդելը կարող է օգնել կանխելու հնարավոր ապագա չարագործությունները:

Կարիգիաննիսը զգուշացնում է, որ դասագրքերից Հայոց ցեղասպանության մասին հատվածները հանելը կարող է նաև կասկածի տակ դնել այլ ցեղասպանությունների պատմության դասավանդումը, օրինակ՝ Հոլոքոսթի, ուկրաինական Հոլոդոմորի, Ռուանդայի ցեղասպանության ուսումնասիրությունը:

«Դուք չեք կարող փոխել պատմությունը, և այն չպետք է խմբագրվի, մենք պետք է սովորենք պատմությունից և առաջ գնանք, որ նույն սխալները նորից չկրկնենք», - ասել է Կարիգիաննիսը:

Տորոնտոյում բնակվող քուրդ իրավաբան Հադյաթ Նազամին նամակ է գրել Change.org կայքի ղեկավարներին` լուրջ մտահոգություն հայտնելով թուրքական այս ստորագրահավաքի կապակցությամբ, որը, նրա կարծիքով, ատելության քարոզչություն է պարունակում: Ինչպես իրավաբանը նշել է իր նամակում, թուրք աշակերտների ծնողները փաստացի պահանջում են, որ դասագրքերը և դպրոցական ծրագիրը գրաքննության ենթարկվեն արդեն մեկ դար շարունակվող թուրքական պետական գաղափարախոսությանը համապատասխան, որը հերքում է հայերի ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության պատմությունը Տորոնտոյի աշակերտները ուսումնասիրում են 2008 թվականից` «Ցեղասպանություն և մարդկության դեմ ոճիրներ» կոչվող առարկայի ընթացքում:

Տորոնտոն Կանադայի ամենամեծ և բազմազան դպրոցներով շրջանն է, որում մոտ 600 դպրոցներ կան՝ 200 հազարից ավելի աշակերտներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG