Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ երեկ երեկոյան ցուցաբերած օգնության համար: Այդ մասին ասված է Վրաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հատուկ հայտարարության մեջ:
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:33-ին «Ւմերեթի» էլեկտրակայանում տեղի ունեցած խոշոր վթարից հետո Վրաստանի մեծ մասը՝ ամբողջ արևելյան շրջանը, ներառյալ մայրաքաղաք Թբիլիսին, և Արևմտյան Վրաստանի մի մասը՝ բացառությամբ Աջարիայի և Մեգրելիայի, երկու ժամով հոսանքազրկվել էին: Թբիլիսիում հոսանքազրկվել էին նաև մետրոպոլիտենը և հեռուստաաշտարակը:
Վրաստանը օգնության համար դիմել էր հարևան պետություններին՝ խնդրելով էլեկտրաէներգիա առաքել, խնդրանքին առաջինը արձագանքել է Հայաստանը: Երկու ժամ անց Թբիլիսիի և հոսանքազրկված շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարումը փուլ առ փուլ վերականգնվել է: