Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը հինգշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ճանապարհ բացելով խորհրդարանական նոր ընտրությունների համար:
Յացենյուկն իր հրաժարականը ներկայացրել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայում կոալիցիայի մաս կազմող «Ուդառ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել են կոալիցիայից դուրս գալու մասին:
Ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում՝ վարչապետը հայտարարել է, թե հրաժարական է տալիս կոալիցիայի լուծարման և կառավարության ծրագրերի արգելափակման պատճառով:
«Կառավարությունը այժմ չունի պատասխան, թե ինչպես վճարել աշխատավարձերը, ինչպես օժանդակել բանակին և զինված ուժերին, ինչպես խուսափել այն հազարավոր մարդկանց հոգիները բարոյալքելուց, ովքեր նստած չեն այս դահլիճում, այլ գտնվում են խրամատներում փամփուշտների վտանգի տակ»,- նշել է Յացենյուկը:
Համաձայն Ուկրաինայի Սահմանադրության Գերագույն ռադան 10 օրվա ընթացքում պետք է քվեարկության դնի վարչապետի հրաժարականն ընդունելու հարցը: Սահմանադրության համաձայն վարչապետը և իր կաբինետը կարող են հրաժարական տալ և շարունակել աշխատել քանի դեռ նոր կառավարությունը ընտրված չէ: Սակայն Յացենյուկի հրաժարականից հետո խորհրդարանի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը «Ուդառ» և «Սվոբոդա» կուսակցություններին առաջարկել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրել, ով կգլխավորի կառավարությունը մինչև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը:
Նախագահը կարող է ցրել խորհրդարանը նոր ընտրություններ հրավիրելու համար, եթե 30 օրվա ընթացքում չի ձևավորվում նոր կառավարություն:
«Ես կարծում եմ, որ սա ամբողջովին կազմակերպված և պլանավորված զարգացում է», - նշել է Քարնեգիի միջազգային խաղաղության ֆոնդի հրավիրյալ գիտնական Բալաշ Յարաբիկը,- «Նախագահը, կառավարությունն ու կոալիցիան փնտրում էին օրինական ճանապարհ նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ գտնվում էին Մայդանի և հասարակական ճնշման տակ»:
Կոալիցիայի լուծարումը աջակցություն չի գտել Յացենյուկի «Բատկիվշինա» կուսակցության կողմից: Նա իր ելույթում մտահոգություն է հայտնել, որ քաղաքական խուսանավումները «կառավարությանը դնում են պարալիզացման վտանգի տակ»:
Խորհրդարանական «Ուդառ» խմբակցության ղեկավար Վասիլիյ Կովալչուկը, ով օգնել է կոալիցիայի լուծարման բանակցությունների հարցում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ խորհրդարանը դեռ չի քվեարկել և ընդունել Յացենյուկի հրաժարականը, ինչը պահանջվում էր Ուկրաինայի Սահմանադրությամբ: Նա նաև նշել է, որ վարչապետի մեկնաբանությունները կարող են «ապակայունացնել իրավիճակը երկրում»:
Ուդառ կուսակցության մեկ այլ անդամ` Ռոստիսլավ Պավլենկոն, խոսելով վարչապետի հրաժարականի մասին, նշել է, որ կոալիցիայի լուծարուման նպատակը նոր ընտրություններն են, այլ ոչ թե Յացենյուկի հեռացումը:
«Այժմ ամենակարևոր քայլը այն է, որ մենք սկսել ենք նախագահի կողմից խորհրդարանական նոր ընտրությունների նշանակման հետհաշվարկը», - նշել է Ռ. Պավլենկոն:
Ուկրաինայի նախագահ Պետր Պարաշենկոն հույս է հայտնել, որ խորհրադարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին:
Անուշիկ Ավետյան