Մատչելիության հղումներ

Առաքելությունը ավարտող դեսպանը կարևորել է ժողովրդավարության հաստատումը Ադրբեջանում


Ռիչարդ Մորնինգսթարը ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կրթական փոխանակումների ծրագրերին մասնակցած շրջանավարտների հետ։
Ռիչարդ Մորնինգսթարը ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կրթական փոխանակումների ծրագրերին մասնակցած շրջանավարտների հետ։

Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հուլիսի 24-ի երեկոյան հրաժեշտի ելույթ է ունեցել Ադրբեջանի Ազգային արվեստի թանգարանում` ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կրթական փոխանակումների ծրագրերին մասնակցած շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում:

Իր ելույթում Մորնինգսթարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նշելով.- «Մենք շարունակում ենք աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ: Վերջին երկու տարին անցկացնելով Ադրբեջանում` ես և կինս հասկացանք, թե որքան ցավալի է այդ հակամարտությունը եղել բոլոր ադրբեջանցիների համար: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը` մեկընդմիշտ այդ հակամարտությունը լուծելու համար: Խաղաղությունը տարածաշրջանի և Ադրբեջանի ժողովրդի համար բարգավաճում կբերի: Դուք և տարածաշրջանի ժողովուրդները արժանի եք դրան»:

Մորնինգսթարը, սակայն, իր ելույթի զգալի հատվածը նվիրել է Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներին։

«Մենք մշտապես քննարկում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների թեմաները բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ: Այս հարցերը շատ կարևոր են Միացյալ Նահանգների համար: Դրանք են բնութագրում մեզ և մեր արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա։

Մորնինգսթարը այնուհետև մեջբերել է անցյալ ամիս Բրյուսելում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթից մի հատված, որում նա հայտարարել է, որ իրենց ժողովրդավարական արժեքները՝ անկախ դատավարությունը, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և չգրաքննվող տեղեկատվության առկայությունը թույլ են տալիս անհատներին սեփական ընտրությունը կատարել, և հենց դա է իրենց ուժեղ դարձնում: Այս միտքը մեջբերելով` Մորնինգսթարը հավելել է.- «Ակնհայտորեն մեր և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները այս հարցում երբեմն տարբերվում են: Սակայն ինչպես բոլոր գործընկերների հետ հարաբերություններում, այս դեպքում էլ շարունակվող երկխոսությունը կարևոր է: Մենք կարող ենք անհամաձայնություններ ունենալ, սակայն կարևոր է շարունակել երկխոսությունը: Մենք պետք է փորձենք հասկանալ միմյանց տեսակետները և ընդունենք միմյանց շահերը»:

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների վրա ահագնացող ճնշումների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների բանտարկությունների ֆոնին, Մորնիգսթարը իր ելույթում ընդգծել է ազատ խոսքի, քաղաքացիական ակտիվ հասարակության դերն ու կարևորությունը` ևս մեկ անգամ նշելով, որ ՀԿ-ների գործունեությունը միտված չէ Ադրբեջանն ապակայունացնելուն, այլ ճիշտ հակառակը:

«Մենք ընդունում ենք, որ Ադրբեջանը բարդ տարածաշրջանում է գտնվում: Մենք գիտենք, որ կառավարության առաջնային խնդիրը կայունությունը պահպանելն է: Մենք ևս ցանկանում ենք օգնել այդ հարցում: Միևնույն ժամանակ մենք հստակ հավատում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը ավելի կայուն կլինի, եթե հասարակությունը ավելի բաց լինի, եթե մարդիկ ավելի մեծ ազատություն ունենան ինքնաարտահայտվելու: Մենք չենք ասում սա, որովհետև դա Միացյալ Նահանգներին է դուր գալիս, այլ քանի որ հավատում ենք` դա բխում է Ադրբեջանի շահերից»:

Ելույթը եզրափակելով` Մորնինգսթարը ևս մեկ անգամ հարկ է համարել շեշտել.- «Ցանկանում եմ հստակեցնել, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Ադրբեջանում որևէ կերպ անկայունություն կամ հուզումներ ստեղծվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG