Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ, 23-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ, 23-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող ՈւԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս են եկել իշխող կոալիցիայից:

Խորհրդարանի նիստում իր հրաժարականի մասին հայտարարելով՝ Յացենյուկը քննադատել է պատգամավորներին էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև զինված ուժերի ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ օրինագծերի հաստատումը տապալելու համար:

«Ես հրաժարական եմ տալիս կոալիցիայի լուծարման և կառավարության կարևոր նախաձեռնությունների արգելափակման պատճառով», - ասել է Յացենյուկը:

Նա հավելել է, թե չէր կարող համաձայնել «Ռեգիոնների» կուսակցության և կոմունիստների հետ կոալիցիա կազմելուն, և հրաժարականից բացի այլ ելք չի տեսնում:

Յացենյուկի հրաժարականից հետո խորհրդարանի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը ՈւԴԱՌ և «Սվոբոդա» կուսակցություններին առաջարկել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրել, ով կգլխավորի կառավարությունը մինչև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG