Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է․ Փոստանջյան


Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է․ Փոստանջյան
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

«Ժառանգություն»-ը դատապարտում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը:

Ընդդիմադիր կուսակցությունը սա բնորոշում է որպես հերթական հաշվեհարդար՝ իրականացրած «վերևից» իջեցված քաղաքական պատվերով: Ինչպես «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է:

«Իբրև թե դատավարության, միջոցով դատապարտվեց Հայաստանի Հանրապետության բավականին բարձր քաղաքացիական զգացողություն ունեցող քաղաքացի», - ասաց Փոստանջյանը:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը անցած տարի նստացույց էր սկսել Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական պայմանները:

Դատարանի վճռով նա մեղավոր ճանաչվեց խարդախությամբ 2000 դոլար վերցնելու մեջ:

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ այսպիսով իշխանությունները վրեժ լուծեցին ընդդիմադիր ազատամարտիկից՝ նաև վախեցնելով ու դաս տալով նրա մարտական ընկերներին, «որ հանկարծ այլ անձինք, ովքեր նույնպես ունեն քաղաքացիական դիրքորոշում և հաշտ չեն այսօրվա այս անարդար վիճակի հետ, չկարողանան իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Մի խումբ անձինք այսօր բռնազավթել են Հայաստանի հանրապետությունում քաղաքացիների իշխանությունը և այդ իշխանությունը պահելու համար գործադրում են բոլոր միջոցները՝ այդ թվում նաև քաղաքական հետապնդումները»:

Ի դեպ, այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է արձագանքել «Ազատության» դիտարկմանը, թե ընդդիմադիրների պնդմամբ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք առաջին քաղաքական բանտարկյալը դատավճռով հայտնվեց ճաղերի հետևում: Նախարարը խորհուրդ է տվել սպասել վերաքննիչ ատյանի որոշմանը:

«Չեմ կարող գնահատական տալ դատական ակտին և ենթադրում եմ, որ դեռևս բողոքարկման մեխանիզմներ են լինելու, այդ իսկ պատճառով ես, որպես իրավաբան և նախկին դատավոր, կսպասեմ վերջնական որոշմանը», - ասաց արդարադատության նախարարը:

«Ժառանգությունն» իր հայտարարությամբ անդրադառնում է նաև Շանթ Հարությունյանի ու ընկերների կալանավորմանը: Փոստանջյանը համամիտ է Շանթի հետ, որ Մաքսային միության դեմ բողոքողներին Կրեմլի ցուցումով են ճաղերի հետևում պահում:

«Այն, որ այսօրվա այս բռնազավթիչները ցանկություն ունեն հաճոյացնելու ցանկացած ապօրինի պահանջ, դա միանշանակ է: Մենք չունենք ինքնուրույն քաղաքականություն, և հենց այս հետևանքներն են այս ամենը, ինչ որ մենք տեսնում ենք՝ թե քաղաքական բանտարկյալները, թե բողոքի գործողությունների բռնաճնշումը», - «Ազատությանը» փոխանցեց Զարուհի Փոստանջյանը:

Դերասան Վարդան Պետրոսյանը, որ մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանրահավաքներին, Փոստանջյանի խոսքով՝ այսօր պետք է ազատության մեջ լիներ: Նա այն մարդը չէ, որ կխուսափեր քննությունից․ - «Կա խտրական մոտեցում․ եթե նույն անձը լիներ Սերժ Սարգսյանի և նրա ընկերների թևից, նույնիսկ մեղադրանք չէին առաջադրի»:

Այս ձեռագիրը՝ հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Հայաստանում և Ռուսաստանում պարբերաբար շարունակվող բռնությունները «Ժառանգությունն» անվանում է «չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ»։

«Եթե խորհրդային տարիներին մարդկանց հոգեբուժարան էին տեղափոխում, ապա այսօր հնարավորինս «սարքած» գործերի միջոցով նրանք փորձում են մարդկանց լռեցնել և մեկուսացնել: Դա տեսել ենք նաև պատգամավորների նկատմամբ: Հիշում եք, որ մարտի մեկից հետո ցուցակով բերեցին և իրենց գործընկերներին հանձնեցին այդ ցուցակով այդ ապօրինի պահանջին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Չցանկանալով խորանալ գործի մանրամասների մեջ՝ ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Մոսկվայում կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանը հանցագործության հետ կապ չունի: Փոստանջյանը, որպես իրավաբան, պնդում է, որ նրա կալանքն ապօրինի է:

«Ժառանգությունում» տարակուսած են պաշտոնական Երևանի լռությունից և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, թե «Կարող են Լևոնին բռնել, վաղը՝ Բարխուդարին», ինքը՝ վարչապետը, այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի․ - «Հովիկ Աբրահամյանը, չիմանալով որևէ մանրամաս գործի բնույթից, արդեն ասում է, որ նա հանցագործ է, մինչդեռ հանցագործ լինելու մասին կարող է վկայել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Նման անձը, երբ նման գնահատական է տալիս, հետևաբար՝ հանցագործը ինքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG