Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Ռադան՝ առանց կոմունիստների


Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն (ձախից) Գերագույն ռադայում, արխիվ
Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն (ձախից) Գերագույն ռադայում, արխիվ

Ուկրաինական խորհրդարանի նախագահը պատրաստվում է լուծարել խմբակցությունը, իսկ Արդարադատության նախարարությունը պահանջում է արգելել կոմկուսը:

Եվս մի քանի ժամ, և Ուկրաինայի խորհրդարանում` Գերագույն ռադայում չի մնա և ոչ մի կոմունիստ:

Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը չորեքշաբթի օրը կայացած լիագումար նիստի ընթացքում հայտարարեց, որ այսօր արդեն կօգտվի օրենքով իրեն վերապահված լիազորություններից և կլուծարի կոմկուսի խմբակցությունը:

Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Ուկրաինայի խորհրդարանը արագացված կարգով փոփոխություններ կատարեց Գերագույն ռադայի կանոնակարգ-օրենքում, որոնք հնարավորություն են տալիս լուծարել այն խմբակցությունները, որոնց անդամների թիվը ավելի քիչ է, քան պատգամավորական խմբերից ամենափոքրի թվաքանակը: Ուկրաինական կոմունիստների քանակը Գերագույն ռադայում վերջին շաբաթներին կտրուկ նվազել էր` 32-ից հասնելով 23-ի:

«Երեկ երեկոյան նախագահ Պորոշենկոն ստորագրել է այս օրենքը: Դա ինձ հնարավորություն է տալիս կատարել իմ պատմական առաքելությունը և հինգշաբթի առավոտյան արդեն օգտվելով այս նոր օրենքով ինձ վերապահված լիազորություններից՝ լուծարել կոմկուսի խմբակցությունը», - հայտարարեց Տուրչինովը:

Սրան էլ գումարած՝ Կիևի վարչական դատարանը մի քանի ժամից կսկսի քննել ուկրաինական կոմկուսն ընդհանրապես արգելելու պահանջով Արդարադատության նախարարության կողմից ներկայացված պաշտոնական դիմումը: Նախարարությունը, արդարացնելով իր այս քայլը, պնդում է, որ ուկրաինացի կոմունիստները ակնհայտ ռուսամետ դիրքորոշում են որդեգրել:

Որպես ասվածի ապացույց ուկրաինական իշխանությունները մատնանշում են կոմունիստների` այս տարվա մարտին ցուցաբերած վարքագիծը, երբ նրանք ամբողջ կազմով հրաժարվեցին կողմ քվեարկել Գերագույն ռադայի հատուկ հայտարարության օգտին, որով Ռուսաստանի գործողությունները Ղրիմում օկուպացիա էին որակվում:

Վերջին կաթիլն էլ, որ լցրեց ուկրաինական իշխանությունների համբերության բաժակը, դարձավ ուկրաինական կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, որում նա պնդում էր, թե Դոնբասում կռվող ուկրաինացի զինվորականները զբաղված են սպանված խաղաղ բնակիչների ներքին օրգանների վաճառքով: Ազգայնական «Սվոբոդա» կուսակցության անդամները այս հայտարարության համար երեկ Սիմոնենկոյին պարզապես քշեցին նիստերի դահլիճից` նախապես ծեծի ենթարկելով:

Հավելենք նաև, որ ուկրաինացի ազգայնականները վերջին ամիսներին մի քանի անգամ արդեն իսկ աչքի էին ընկել նմանատիպ միջադեպերին ակտիվ մասնակցությամբ: Անցած տարեվերջին կուսակցության ակտիվիստները տապալեցին Կիևի Բեսարաբսկայա հրապարակում գտնվող Լենինի հուշարձանը: Գարնանը արդեն ազգայնական պատգամավորները ծեծի ենթարկեցին Ուկրաինայի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենին` նրան մեղադրելով Ռուսաստանի շահերին ծառայելու մեջ: Երկու օր առաջ էլ նրանք նիստերի դահլիճից վտարել էին Ռեգիոնների կուսակցության անդամներից մեկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG