Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը «Մոնումենտ»-ում պատ է կառուցում


Երևանի քաղաքապետարանը «Մոնումենտ»-ում պատ է կառուցում
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Մայրաքաղաքի ամենամեծ այգիներից մեկի՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ՝ երբեմնի անտառապատ տարածքում հիմա լայնածավալ շինարարություն է ընթանում, առանձնատուն է կառուցվում։

Սեփականատերերից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս տարածքում ընդհանուր առմամբ ևս 8 առանձնատուն է կառուցվելու, և առաջիկայում փաստորեն նախկինում կանաչապատ այս տարածքում միայն տներ են լինելու։ Շինարարություն է ընթանում նաև այգու դիմացի հատվածում, որտեղ նոր մասնաշենք է կառուցվում այստեղ գտնվող հյուրանոցային համալիրի համար։

Քաղաքապետարանում այս շինաշխատանքներից տեղյակ են։ Ի պատասխան մեր հարցի՝ այսօր փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող անտառապատ հատվածները սեփական հողամասեր են և շինարարության հետ կապված ոչ մի խնդիր չկա։

«Քաղաքաշինական փաստաթղթերով նախկինում կառուցապատման, շինարարության թույլտվություն ունեցող անձինք են՝ իրենց սեփականությունը հանդիսացող հողամասի վրա։ Դա ընդհանուր օգտագործման տարածք չէ։ Այդ հատվածում ժամանակին իրականացվել են հողի օտարումներ»,- ասաց փոխքաղաքապետը։

Երբեմնի կանաչապատ տարածքի հարևանությամբ շինարարություն է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը։ Մայրաքաղաքի իշխանությունները այստեղ պատ են շարում, և ակնկալվում է, որ երբ այդ շինարարությունն ավարտվի, Ազատության պողոտայի կողմից շքեղ առանձնատները այլևս տեսանելի չեն լինի: Փոխքաղաքապետը, սակայն, հերքեց պնդումները, թե իրականում քաղաքային բյուջեից փողը ծախսվում է հենց այդ սեփական տները աչքից հեռու պահելու նպատակով։ Արեյանի խոսքով՝ իրենք ընդամենը պատն են նորոգում։

«Ամբողջությամբ վերակառուցվում է հենապատը, այդ թվում՝ մակարդակի բարձրացում է, որ այն մշտապես մնա ամուր, կայուն, զերծ մնա վթարներից և ֆունկցիոնալ տեսանկյունից ծառայի այդ միջավայրին»,- ասաց Արեյանը։

Չնայած փոխքաղաքապետի հավաստիացումներին, թե պատը ամբողջությամբ նորոգվում է, տեղում աշխատող բանվորները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ նախկին պատը չեն քանդել, պարզապես դրա վրա նորն են կառուցում։

Այգու երկայնքով պատ կառուցելը, բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով, պարզապես ինչ-որ մարդկանց հանձնարարականն է, որն իրականացվում է մայրաքաղաքի բյուջեի հաշվին՝ կիսաքանդ փողոցները նորոգելու փոխարեն։

«Պարզ է, որ քաղաքապետարանը կատարում է օլիգարխների ծածուկ պատվերը, որպեսզի տեսադաշտը փակվի, ավելորդ մարդիկ չտեսնեն իրենց առանձնատները։ Ուրիշ բան չեմ կարող ենթադրել, քանի որ ուրիշ ոչ մի նշանակություն այս պատը բարձրացնելու մեջ ուղղակի չեմ տեսնում»,- ասաց բնապահպանը։

Ինչ վերաբերում է երբեմնի կանաչապատ տարածքում մեկնարկած շինարարությանը, Լևոն Գալստյանի խոսքով՝ այս տեմպերով ծառերը վերանում էին մեկ էլ 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Նրա կարծիքով՝ կառուցվող առանձնատների հատվածում ամենաքիչը 200 հաստ ծառ է վերացվել։

Նախկինում անտառապատ, այժմ՝ մերկ, բայց սեփական հողամասերում կատարվող իրադարձություններին փոխքաղաքապետը նորմալ է վերաբերվում։ Նա այսօր ասուլիս էր հրավիրել և ամփոփում էր անցած վեց ամիսների աշխատանքը։ Հպարտությամբ թվարկելով, թե ինչքան ծառ ու ծաղիկ է ավելացել այս տարի Երևանում, Կամո Արեյանը հայտարարեց, որ վերջին 6 ամիսները իրենց համար աննախադեպ բնապահպանական էին։

«Ամենայն հպարտությամբ պետք է ասեմ, որ քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների ընկերությունների աշխատանքով ծավալներն իսկապես աննախադեպ են»,- հայտարարեց Արեյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG