Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է տեղեկատվության աղբյուրը բացահայտելու որոշումը


ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է տեղեկատվության աղբյուրը բացահայտելու որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում դատարանի կայացրած այն որոշման առնչությամբ, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը։

Խոսքը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման մասին է, որով քրեական գործի շրջանակներում դատարանը «Հրապարակ» օրաթերթին և «Իլուր» էլեկտրոնային կայքին պարտավորեցրել էր բացահայտել Շիրակի մարզի ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեղեկատվության աղբյուրը։

Ըստ լրատվամիջոցների՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը մայիսի սկզբին բռնության էր ենթարկել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու նրա եղբորը:

«Մտահոգված եմ, որ այդ որոշումը լրատվամիջոցների վրա կարող է թողնել կաշկանդող ազդեցություն, քանի որ այն կարող է խոչընդոտել հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների լուսաբանմանը»,- ասել է Միատովիչը.- «Պետք է ճանաչվի հասարակական և անանուն տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելու լրագրողների մասնագիտական գաղտնիությունը»։

Միատովիչը նշել է, որ աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունքը հետաքննական լրագրության առանցքային սկզբունքն է և ԵԱՀԿ-ի կողմից բազմիցս հայտարարվել է որպես ազատ կամարտահայտման հիմնական պահանջ։

«Հրապարակ»-ում Գյումրիի ոստիկանապետի մասնակցությամբ բռնության դեպքին անդրադարձած լրագրող Սյուզան Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ինֆորմացիայի հայթայթման բոլոր ճանապարհներով գնացել է, պաշտոնական աղբյուրները լռել են, ոստիկանությունը դեպքը չի գրանցել, տեղեկությունը հրապարակելու համար ստիպված է եղել անանուն աղբյուրը վկայակոչել։

«Այսօր ոստիկանությունը անպատիժ ձևով կարողանում է ծեծի, խոշտանգումների ենթարկել քաղաքացիներին։ Իրավապահ մարմինը՝ համարելով, որ հասարակության շահն է պահանջում, որպեսզի աղբյուրը բացահայտվի, դատարանի որոշում է բերում, դնում լրատվամիջոցների առաջ, բայց ո՞ւմից է պաշտպանում հասարակությանը... Վարդան Նադարյանի՞ց, ով շարունակում է պաշտոնավարել, ում նկատմամբ որևէ միջոց չի ձեռնարկվել, անգամ նկատողություն»,- ասաց լրագրողը։

Սիմոնյանը հիշատակեց նաև երկու տարի առաջ նույն ոստիկանի կատարած մեկ այլ ծեծի դեպք. ասաց՝ այն ժամանակ Գեղարքունիքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Նադարյանը մեքենան սխալ կայանելու համար ծեծել և կոտրել էր փոխմարզպետի որդու՝ Սևակ Ստեփանյանի ծնոտն ու էլի անպատիժ մնացել։

«Բարձրաստիճան ոստիկաններին այսօր պարտակում է մեր դատախազությունը և այս ձևով հարձակվել է լրագրողների վրա, որպեսզի այդ վերջին աղբյուրներն էլ փակի։ Պատկերացնում եք՝ ի՞նչ բարդ կլինի մեր աշխատանքը, եթե հասարակությունը չվստահի մեզ այլևս։ Չէ որ երբ դու ինֆորմացիա ես վերցնում փակ աղբյուրից, դու նրան խոստանում ես չբացահայտել նրան»,- ասաց լրագրողը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը համոզված է, որ այս նախադեպը ազդելու է մամուլի ազատության՝ յուրաքանչյուր տարի հրապարակվող Հայաստանի ցուցիչի վրա։ Դոյդոյանը դատախազության այս նախաձեռնությունը գնահատում է իբրև լրագրողներին հսկողության դաշտ բերելու փորձ։

Հայաստանյան, ինչպես նաև եվրոպական օրենքները սահմանում են, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջ միայն բացառիկ դեպքերում կարող է դրվել։ Հայաստանի օրենսդրությունը խոսում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, երբ հասարակության շահերի պաշտպանությունը ավելի կարևոր է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու շահագրգռվածությունը, եվրոպականը՝ մարդկային կյանքի պաշտպանության, ծանր հանցագործությունը կանխարգելելու կամ դատարանում ծանր հանցանք կատարած անձի դատական պաշտպանության իրականացման դեպքերն է առանձնացնում։

Աղբյուրը բացահայտելու որոշում ստանալու համար պետք է նաև հիմնավորել, որ իրավապահ մարմինը սպառել է հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները։

«Այստեղ քննիչը չի սպառել ապացույցներ հավաքելու բոլոր օրինական միջոցները, պարզապես ամենահեշտ, արագ և արդյունավետ ձևն է նրանց համար, լրագրողին կանչում են, պահանջում են բացահայտել աղբյուրը»,- ասաց Դոյդոյանը։

«Հրապարակ»-ն ու«Իլուր»-ը հրաժարվել էին բացահայտել մայիսի սկզբին հրապարակված տեղեկատվության աղբյուրն ու Վերաքննիչ դատարանում բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, դատաքննությունը նշանակված է հաջորդ երեքշաբթի՝ հուլիսի 29-ին։

XS
SM
MD
LG