Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեսպան․ Ռուսաստանը զինում է ահաբեկիչներին


Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա, արխիվ
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա, արխիվ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խոսքով, Ռուսաստանը զինում է ահաբեկիչներին, ովքեր ոչնչացրել են մալայզիական քաղաքացիական օդանավը: Այսպիսի հայտարարություն դեսպան Իվան Կուխտան արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում ոչնչացվեց մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 300 մարդ: Ուկրաինան, Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները քաղաքացիական օդանավի կործանման մեջ մեղադրեցին Ուկրաինայի արևելքում գործող գրոհայիններին: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով, օդանավը խփվել է ուկրաինական կողմից:

«Մեր տվյալներով, ինքնաթիռը խփվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի օդային տարածքում, որը վերահսկում են գրոհայինները, անջատականները կամ այսօր նրանց կոչում են ահաբեկիչներ: Ուկրաինան ապացույցներ ունի, որոնք կներկայացնի միջազգային հանրությանը և առաջին հերթին այդ ավիաաղետը քննող միջազգային հանձնաժողովին, որ ինքնաթիռը խփվել է անջատողականների կողմից և խփվել Ռուսաստանի Դաշնության կողմից մատակարարվող սպառազինությամբ», - հայտարարեց Կուխտան:

Ըստ դեսպանի, պաշտոնական Կիևը նախաձեռնելու է, որ այդ գրոհայինները ճանաչվեն որպես միջազգային ահաբեկիչներ:

«Ուստի, բնական է՝ այն երկիրը, որը օգնում է անջատողականներին, գրոհայիններին Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, պետք է նմանատիպ պատասխանատվություն կրի՝ այդ մարդկանց օգնելու համար: Ռուսաստանը օգնում է գրոհայիններին, Ռուսաստանը զինում է գրոհայիններին», - հայտարարեց նա:

Իվա Կուխտան նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր երկրի արևելքում գործող գրոհայինների մոտ առկա սպառազինությունը գերժամանակակից է:

«Դոնեցկի, Լուգանսկի մարզերում գործող գրոհայինների մոտ սպառազինություն է, որը մատակարարվում է Ռուսաստանի տարածքից: Մատակարարվում է ոչ թե պարզապես սպառազինություն, այլև՝ ժամանակից ճշգրիտ սպառազինություն: Սա գաղտնիք չէ, այս մասին գիտի միջազգային հանրությունը, որովհետև գրոհայինները չեն կարող կրակել պարսատիկից և խփել ինքնաթիռներ», - հայտարարեց Կուխտան:

Դեսպանը հիշեցրեց, թե մինչև մալայզիական «Բոինգի» կործանումը ինչպես էին գորահայինները լրատվամիջոցներով, սոցցանցերով հպարտորեն բարձրաձայնում ուկրաինական ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռի կործանման մասին, որոնց հետևանքով սպանվեցին մի քանի տասնյակ ուկրաինացի զինվորականներ:

Ռուսաստան – Ռուսաստանյան «Բոկ-2Մ» հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի օրվա շքերթի ժամանակ, արխիվ, 9-ը մայիսի, 2013թ․
Ռուսաստան – Ռուսաստանյան «Բոկ-2Մ» հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի օրվա շքերթի ժամանակ, արխիվ, 9-ը մայիսի, 2013թ․

«Հենց խփվեց քաղաքացիական ինքնաթիռ, անջատողականներն անմիջապես ասացին՝ ո՛չ, մենք չենք խփել այդ ինքնաթիռը, ուկրաինական կողմն է խփել ինքնաթիռը: Մենք ունենք ծանրակշիռ փաստեր, և միջազգային հանրությունը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիության ներկայացուցիչները, հստակորեն հայտարարում են, որ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում գործող անջատողականներին Ռուսաստանն է նյութապես աջակցում: Ընդ որում, [աջակցում է] ոչ միայն դրամով, այլև սպառազինությամբ, և մեր հատուկ ծառայությունները տվյալներ ունեն, որ այդ սպառազինությունը ոչ միայն հրաձգային, այլև՝ գերճշգրիտ զենք է, որը թույլ է տալիս ինքնաթիռներ խփել», - ասաց նա:

Վերջում հավելենք, որ մեկնաբանության համար դիմեցինք նաև Երևանում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն դեսպանատան մամուլի գծով պատասխանատու Ալեքսանդրա Կենդիշը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG