Մատչելիության հղումներ

Միջնորդները հուսով են, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Ամերիկացի համանախագահը ևս մեկ անգամ շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: Այդ մասին ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, տեսանք, որ առաջընթացը հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը կարևոր քայլ կդառնա առաջ՝ դեպի խաղաղություն: Համանախագահները պատրաստ են օգնել ցանկացած եղանակով», - հայտարարել է Ուորլիքը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա, և հայտնել, որ միջնորդները ցանկանում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար:

Քարվաճառում վերջին դեպքերի, հայ - ադրբեջանական սահմանին ու զորքերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ ամերիկացի դիվանագետը ասել է․- «Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, ինչպես նաև շփման գծում ցանկացած կորուստների կապակցությամբ: Մահերի և վիրավորումների հանգեցնող միջադեպերի քանակը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի հետ աշխատանքի մեր ջանքերում»:

Ուորլիքը հայտնել է նաև, որ ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիոն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նաև գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ հայտնելով, որ ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG