«Կալաշնիկովով օդանավ չես խփի»
«Մալազիական օդանավի աղետը փոխեց խաղի կանոնները» վերնագրի ներքո New Rebublic պարբերականում հրապարակած հոդվածում Ջուլիա Իոֆֆեն նշում է, որ ապստամբների կողմից ուկրաինական օդանավերը պարբերաբար վայր գցելը վկայում է այն մասին, որ անջատականներն ունեն արդիական զինատեսակներ։
«Օդանավ Կալաշնիկովով չես խփի։ Ռուսական պետական մամուլը հունիսի վերջին հայտնել է, որ ապստամբները ձեռք են բերել «БУК» տեսակի «երկիր-երկինք» հակաօդային պաշտպանության համակարգեր։ Անջատականները հերքում են օդանավը հրթիռակոծելու փաստը, սակայն համացանցում պահպանվել է անջատականների ղեկավար Իգոր Ստրելկովի գրառումն այն մասին, որ իրենք օդանավ են խփել։
«Մի մտեք մեր օդային տարածք»,- գրել է Ստրելկովը։
Գրառումը որոշ ժամանակ անց հանվել է, սակայն ուկրաինացիներն այն գտել և տեղադրել են screenshot-ի` լուսանկարի տեսքով։ Սա ստիպում է ենթադրել, որ նրանք սխալմամբ են խփել մալայզիական ինքնաթիռը։ Եթե դա է իրողությունը, ապա շատ վատ հետևանքներ են լինելու։ Փաստորեն, առաջին անգամ այս կոնֆլիկտում թիրախ է դարձել քաղաքացիական օդանավը, այն Ամստերդամից է օդ բարձրացել, սա արդեն եվրոպական անվտանգության հարց է»։
Իոֆֆեի կարծիքով, Վլադիմիր Պուտինն այլևս չի վերահսկում անջատականներին։
«Պարզապես բացառվում է, որ նոր պատժամիջոցների ենթարկվելու հաջորդ օրը ռուսները միտումնավոր օդանավ խփեն։ Դա, հավանաբար, սխալ էր։ Իսկ գուցե ապստամբներն անկյուն են մղում Պուտինին և նրանից ավելի ակտիվ օգնություն են պահանջում»,- գրել է Իոֆֆեն։
Հեղինակի կարծիքով, մի օր, երբ աշխարհում սկսվի մեկ այլ ճգնաժամ` Պուտինը գուցեև գաղտնաբար կպատժի այդ միջադեպի համար մեղավորներին։
«Մեկ բան հստակ է` կոնֆլիկտն արդեն չի վերահսկվում, Պուտինը նախաձեռնել է մի զարգացում, որն ի զորու չէ ավարտին հասցնել։ Դրա համար իրենց կյանքով են վճարել 295 խաղաղ մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Ուկրաինայի հետ»,- եզրակացնում է Ջուլիա Իոֆֆեն։
Անջատականները ենթադրել են, որ ուկրաինական օդանավ են խփում
«Ուկրաինայի ողբերգությունը» վերնագրի ներքո Times-ը գրում է, թե Ուկրաինայում կայունության համար երկարատև պայքարն այդ երկրի սահմաններում պահելու ջանքերը ձսխողվել են, դրա խորհրդանիշը` ավերված օդանավի այրով բեկորներից վերև բարձրացող ծխի քուլաներն են։
«Պատմության մեջ Պուտինի ճիշտ տեղը կորոշվի առաջիկա օրերին։ Նա պարտավոր է անվերապահորեն դադարեցնել աջակցությունն անջատականներին, փակել ռուս-ուկրաինական սահմանը, հետ քաշել հարևան երկրի մոտ տեղակայած ծանր տեխնիկան։
Մալայզիական օդանավի կործանման առավել հավանական բացատրությունը ռուս անջատականների արձակած հրթիռն է։ Նրանք ենթադրել են, որ ուկրաինակայն ռազմական ինքնաթիռ են ոչնչացնում։ Աշխարհում կա մեկ մարդ, ով ի զորու է վերջ տալ այս քաոսին, դա` Պուտինն է»,- գրել է Times-ի մենաբանը։
«Ոճրագործները պետք է պատժվեն»
Ըստ Washington Post-ի խմբագրականի, եթե պարզվի, որ օդանավը ռուս անջատականներն են խփել, ապա նրանք, ինչպես նաև Մոսկվայում նրանց հովանավորները, պետք է պատժվեն այդ ստոր և անմարդկային հանցագործության համար։ Միացյալ Նահանգները և դաշնակիցները պետք է կանխեն այդ հրեշավոր արարքը պարտակելու Մոսկվայից փորձերը և պնդեն, որ միջազգային հետաքննություն իրականացվի։
Առաջին աշխարհամարտին նախորդող վիճակ
National Interest պարբերականի վերլուծաբան Ջեյքոբ Հեյլբրոնի փոխանցմամբ, եթե հաստատվի անջատականների կողմից օդանավը ոչնչացնելը, ապա Ռուսաստանը և Արևմուտքը էլ ավելի կմոտենան առճակատման այնպիսի հանգրվանի, որն առկա էր 1914 թվականի օգոստոսից` Առաջին աշխարհամարտից առաջ։
Պուտինը պետք է լուրջ որոշում կայացնի` անցնե՞լ վճռական գհործողության, թե՞ նահանջել։ Որքան երկարաձգվի կոնֆլիկտն, այնքան ավելի շատ Պուտինը ստիպված կլինի ցույց տալ, որ նվաճումներ ունի։ Այլապես ինքը կնմանվի մեծ դրույքներ պատվիրող խաղամոլի, որի բլեֆը բացահայտվել է։
Ամերիկացի «բազեներն» արդեն պահանջում են Օբամայից` ավելի կոշտ քայլերով պատասխանել Պուտինին և նրա պալատի անդամներին։ Սենատոր Ջոն ՄքՔեյնի պնդմամբ, եթե ապացուցվի ռուսների առնչությունը, ապա «դա կբացի ճանապարհը` Ուկրաինային լուրջ զենք տրամադրելու և ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու համար։ Եվ դա միայն սկիզբը կլինի»։
Բեռլինի կոնգրե՞ս
Ջեյքոբ Հեյլբրոնի համոզմամբ, ոչ Օբաման, ոչ էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեն ցանկանում ներքաշվել ռազմական առճակատման մեջ։ Հատկապես գերմանացիներն են դեմ, քանի որ զգում են, որ իրենց տարածքը կարող է դառնալ ռազմի դաշտ` թեկուզ սառը պատերազմի տարբերակով։
Ո՞րն է աղետից խուսափելու ուղին։ Հեյլբրոնի համոզմամբ, հարկ է իսկական հրադադար հայտարարել, Ուկրաինայի ճակատագիրը որոշելու համար Գերմանիան, Ամերիկան, Ռուսաստանը պետք է գումարեն ժողով` այնպիսին, ինչպիսին 1878 թվականի Բեռլինի կոնգրեսն էր։
Օբամայի երկրորդ պաշտոնավարումն` անկախ նրա ցանկությունից, դառնում է արտաքին հարցերով զբաղվելու պաշտոնավարում։ Ուկրաինան Օբամայի համար ամենաբարդ քննությունն է։
«Կարծես ինչ-որ մեկը երկնքից բարի աչքով մեզ էր նայում»
Times-ը գրում է, որ երիտասարդ բրիտանացիների ընտանիքը` Բարրի Սիմը, նրա կինը` Իզին և նրանց նորածինը, պետք է այդ օդանավով մեկնեին Կուալա-Լումպուր։ Երեք տոմսի փոխարեն երկուսն էր մնացել, ընտանիքը որոշեց հաջորդ չվերթով մեկնել։
«Մենք այնքան ուրախ ենք, որ փրկվեցինք, կարծես ինչ-որ մեկը երկրնքից բարի աչքով մեզ էր նայում։ Բայց այն, ինչ եղավ` ահավոր է»,- ասել է Իզզին։
Այդպես, պատահմամբ, թյուրիմացությամբ, մի քանի րոպե ուշանալու արդյունքում փրկվել է մեղրամսի ուղևորությունից տուն վերադարձող զույգը` Խուան Ջովելը և Սիմոնա ԼաԿոստան։
Թռիչքի ժամն առաջ տանելով փրկվել է նավաստի Մայք Բալոթը Նոր Զելանդիայից․ - «Ես պետք է ավելի արագ հասնեի, հասցրեցի, ինձնից հետո մի քանի րոպե անց սպասարկումն ավարտվեց, ես հիշում եմ նրանց, ովքեր մնացին հերթում կանգնած` փակվող դարպասի մոտ»։