Մատչելիության հղումներ

Իգոր Մուրադյան․ Հայաստանի առնչությամբ ԱՄՆ-ի ազդանշանները այժմ հստակ չեն


ԱՄՆ - Իգոր Մուրադյանը մասնակցում է Հայաստանի քաղաքական իրավիճակին նվիրված քննարկմանը «Ատլանտյան խորհուրդ» հետազոտական կենտրոնում, Վաշինգտոն, հուլիս, 2014թ․
ԱՄՆ - Իգոր Մուրադյանը մասնակցում է Հայաստանի քաղաքական իրավիճակին նվիրված քննարկմանը «Ատլանտյան խորհուրդ» հետազոտական կենտրոնում, Վաշինգտոն, հուլիս, 2014թ․

Վերլուծաբանի համոզմամբ՝ համաշխարհային անվտանգության ամերիկյան քաղաքականության մեջ կարևոր տեղ կգտնվի նաև Հայաստանի համար։

Հայաստանի անկախության երկու տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է կանգնել, ասաց վերլուծաբան, տնտեսագետ Իգոր Մուրադյանը՝ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը Վաշինգտոնում տված հարցազրույցում խոսելով հայ - ամերիկյան հարաբերությունների մասին:

Միաժամանակ, նա նշեց, որ «Հայաստանը միշտ չէ, որ հասկացել է Միացյալ Նահանգների առաջադրանքներն ու նպատակները, և ոչ էլ ամերիկացիներն են միշտ հասկացել Հայաստանի խնդիրներն ու նպատակները»:

«Ես կասեի, որ նախագահ Բուշի վարչակարգի տարիներին մենք մեզ շատ հանգիստ էինք զգում, քանի որ Միացյալ Նահանգները տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն էր վարում։ Այժմ կացությունը տարբեր է, և Միացյալ Նահանգները հստակ ազդանշաններ չի հաղորդում Հայաստանի նկատմամբ իր մտադրությունների մասին», - ասաց Մուրադյանը:

Վերլուծաբանը վստահ է, որ չնայած Հայաստանի դերը համաշխարհային առումով նշանակալից չէ՝ համաշխարհային անվտանգության ամերիկյան քաղաքականության մեջ կարևոր տեղ կգտնվի նաև Հայաստանի համար։

Մասնավորապես, «ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունների կարգավորմանը, ապա Հայաստանը հավանաբար կդառնա Իրան - Եվրոպա հարաբերություններում անկյունագծային մասնակից», ասաց Իգոր Մուրադյանը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հավանական անդամակցությանը՝ Մուրադյանը շեշտեց, թե արդեն պարզ է դարձել, որ եվրասիական համագործակցությունը որևէ իրական հեռանկար չունի:

«Ոչ ոք չի հավատում եվրասիական համագործակցության պայմանագրին։ Նույնիսկ Ռուսաստանը չի հավատում։ Այժմ Ռուսաստանը սկսել է ազդարարել, որ այնքան էլ չի հետաքրքրված Հայաստանի հետ այդ համագործակցությամբ, որովհետև վաղ թե ուշ Հայաստանը սկսելու է իր իրավունքներին առնչվող պահանջներ ներկայացնել: Ռուսաստանը վախենում է, որ դա կհանգեցնի հարաբերությունների խզման ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ», - ասաց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Թուրքիան և Ռուսաստանը շատ լավ են համագործակցում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը սահմանափակելու հարցում։ Ինչ վերաբերում է մյուս եվրասիական խմբավորումներին, ապա դրանցից ոչ մեկը կայացած չէ»։

«Իմ կարծիքով՝ Հայաստանի ներկա կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանի հետ օբյեկտիվ համագործակցությունը ձախողվի, և որ Հայաստանը պատասխանատվություններ չունենա Ռուսաստանի նկատմամբ։ Ժամանակակից պայմաններում բոլոր շուկաները հետաքրքիր են, սակայն Հայաստանի զարգացման հեռանկարը միայն հնարավոր է եվրոպական շուկաներ մուտք գործելու դեպքում», - ասաց տնտեսագետը:

«Հայաստանը անցյալում ենթարկվել է Ռուսաստանի ճնշումներին և շանտաժի։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը դա չի խոստովանում։ Այժմ խնդիրն այն է, թե ինչպես կարելի է դուրս գալ այս կացությունից։ Դա հնարավոր է միայն աշխարհաքաղաքական զարգացման ճանապարհով», - համոզված է Իգոր Մուրադյանը:

Նշելով, որ «Ուկրաինայի Մայդանը ստիպել է, որ Միացյալ Նահանգները դարձյալ հայտնվի Արևելյան Եվրոպայում», վերլուծաբանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը «շատ դանդաղ է շարժվում»՝ դժվարանալով նշել դրա պատճառը:

«Միացյալ Նահանգներում կարծիքների բախումները շատ ուժեղ են, և փորձագետները հույս չունեն, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կակտիվանա մոտ ապագայում։ Սակայն ցանկացած կառավարություն, և հատկապես՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, չի կարող անտարբերություն ցուցաբերել համաշխարհային անվտանգության հարցերի նկատմամբ», - ընդգծեց Իգոր Մուրադյանը:

Վերլուծաբանը Վաշինգտոն է այցելել անցյալ շաբաթ «Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպության հրավերով՝ ամերիկյան պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG