Մատչելիության հղումներ

Քաղաքացիները Կառավարությանը մեղադրում են Եվրադատարանի որոշումը չկատարելու մեջ


Քաղաքացիները Կառավարությանը մեղադրում են Եվրադատարանի որոշումը չկատարելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:05:33 0:00

Պետական կարիքների անվան տակ Բուզանդի փողոցի իրենց տներից շուրջ տասը տարի առաջ զրկված երեք ընտանիքներ հայտարարում են, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, և Եվրադատարանն այժմ պետք է վերսկսի գործերի վարույթը։ Խոսքը Բաղդասարյան-Զարիկյանցը, Ղասաբյաններն ու Ղարիբյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործերի մասին է։

Բանն այն է, որ 2011 թվականի նոյեմբերին, հիմք ընդունելով այս ընտանիքների հետ հաշտվելու և նրանց բնակարաններ հատկացնելու՝ Կառավարության պատրաստակամությունն ու ընտանիքների համաձայնությունը, Եվրադատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունն ստանձնում է Ամիրյան 4/6 հասցեի նորակառույց շենքում այս երեք ընտանիքներին բնակարաններ հատկացնելու պարտավորությունը։ Դրա դիմաց նրանց բողոքները պետք է հանվեին դատարանի վարույթից։

Ընդ որում, Եվրադատարանի որոշումների մեջ կոնկրետ նշվում են բնակարանների հասցեներն ու համարները։ Բայց անցել է երեք տարի, և ինչպես «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց դիմումատուներից Սեդրակ Բաղդասարյանը` ո'չ տուն են ստացել, ո'չ էլ որևէ գրավոր պարզաբանում։

«Այսօր 2014 թվականն է, առ այսօր ոչ մի պատասխան, ոչ մի գրավոր նամակ ո'չ պարոն Կոստանյանից, ո'չ էլ ՀՀ կառավարությունից՝ ի դեմս Արդարադատության նախարարության մենք չենք ստացել։ Մեր Կառավարությունը թքած ունի մեր վրա», - ասաց Բաղդասարյանը: - «Երբ որ Հայաստանի «արդար» դատարաններն իրենց վճիռներով մեզ դուրս շպրտեցին մեր սեփական տներից պետական կարիքների անվան տակ, ԴԱՀԿ ծառայությունը, որը հենց Արդարադատության նախարարությանն է պատկանում, անմիջապես իր զորքով, ոստիկանությամբ հարձակվեց, մեզ հանեցին-գցեցին փողոց։ Հիմա կա Եվրոպական դատարանի որոշում, որը առաջին երեք ամսվա մեջ պիտի կատարվեր, առ այսօր չի կատարվել, և պարզաբանում չկա՝ ինչո՞ւ չի կատարվել, ի՞նչն է պատճառը»։

Ըստ Բաղդասարյանի վկայակոչած փաստաթղթերի, Եվրադատարանը 2011-ի նոյեմբերի 30-ին դիմումատուներին նամակով տեղեկացրել է, որ Կառավարությունը պետք է Ամիրյան փողոցի այդ կոնկրետ բնակարանները իրենց հատկացնելու որոշումը կատարի երեք ամսվա ընթացքում։ Երկու ամսից ավելի որևէ տեղեկություն չստանալով` ընտանիքների փաստաբան Արթուր Գրիգորյանն է դիմել Գևորգ Կոստանյանին, ինչից հետո երեք ընտանիքներին ընդունել է Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։ Նա, հանդիպմանը ներկաների հավաստմամբ, պարզաբանել է, որ բնակարանները ստանալու համար պետք է կառուցապատողին վերադարձնեն տներից զրկվելուց հետո հայաստանյան դատարանների վճիռներով ստացած գումարները։

Բայց Եվրադատարանի որոշման մեջ այդ մասին որևէ խոսք չկա, և դիմողներին, իրենց պնդմամբ, չի ներկայացվել գումարը վերադարձնելու ընթացակարգը սահմանող իրավական որևէ փաստաթուղթ կամ նորմ:

«Երբ որ ես հարցրեցի պարոն Մելիքյանին՝ դուք ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է վերադարձնենք գումարը, քանի որ որոշման չկա նման բան գրած, ինքն ասեց՝ մենք այդպես ենք մեկնաբանում որոշումը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գոհար Ղարիբյանը:

«Ես զարմացա և ասեցի՝ հարգելի պարոն փոխնախարար, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, այդ գումարը ես պետք է ծրարո՞վ Ձեզ բերեմ տամ, թե՞ դա ես պետք է Հրայր Թովմասյանի ընդունարանի քարտուղարուհուն հանձնեմ, թե՞ տանեմ Հանրապետական կուսակցության գրասենյակում հանձնեմ այդ գումարը.. Ես չգիտեմ, ո՞նց պետք է տամ », - պատմեց Սեդրակ Բաղդասարյանը: - «Դրա համար երևի գոյություն ունի պաշտոնական նամակ։ Դուք գրեք, որ հարգելի Պողոս Պողոսյան, մենք այս բնակարանը Ձեզ կտրամադրենք այն դեպքում, երբ որ Դուք կփոխանցեք իքս գումարը այսինչ հաշվին։ Առ այսօր մենք չենք ստացել ո'չ Արդարադատության նախարարությունից, ո'չ էլ պարոն Կոստանյանից բացատրություն»։

Ավելին, Սեդրակ Բաղդասարյանը այս հանդիպումից օրեր անց հարցումներ անելով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, պարզել է, որ իրենց առաջարկված բնակարաններն ունեն այլ սեփականատերեր. - «Կառավարություն, Եվրոպական դատարան ներկայացնում ես մի ապրանք, որը վաճառված է.... Շուլլերություն չի՞ դա։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը խաբում է Եվրադատարանին, նախապես վաճառված բնակարաններ խոստանալով»:

Արդարադատության նախկին փոխնախարար, ներկայում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ այդ հասցեների բնակարանները այս ընտանիքների հետ իր բանակցությունների ժամանակ ունեցել են սեփականատերեր. - «Այո, այս հարցը մենք քննարկել ենք, և ես իրենց հավաստիացրել եմ, որ եթե չլինեն անգամ այն կոնկրետ բնակարանները, որոնք ձեզ ներկայացված են եղել, ապա համարժեք, կամ նույնիսկ գուցե մի փոքր ավելի մեծ մակերեսով բնակարաններ դուք կստանաք»:

Ինչ վերաբերում է գումարային պահանջ ներկայացնելուն, Ռուբեն Մելիքյանը պարզաբանեց, որ Եվրադատարանի որոշումը եղել է Կառավարության միակողմանի հայտարարության արդյունք. նման բոլոր դեպքերում, ըստ նախկին փոխնախարարի, նախկինում քաղաքացիների ստացած գումարները գանձվում են. - «Քաղաքականությունը եղել է շատ հստակ. այսինքն տրամադրվում է որոշակի փոխհատուցում, և այդ փոխհատուցումից պետք է հանվեր այն փոխհատուցումը, որ տրամադրված է եղել ներպետական դատարանների կողմից։ Այսինքն այստեղ որևէ երկիմաստություն չկա, նույն տրամաբանությունը եղել է նաև այլ գործերով։ Ես անձամբ հանդիպել եմ երեք դիմումատուների հետ և ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, որ մենք սա ենք նկատի ունեցել, մենք այլ բան նկատի ունենալ չէինք կարող, և եթե դուք նույն մոտեցման լինեք մեր կողմից ներկայացված միակողմանի հայտարարության և դրա հիման վրա Եվրոպական դատարանի որոշման հետ կապված, ապա մենք արագ կկազմակերպենք այդ որոշման կատարումը»:

Դիտարկմանը, որ Եվրադատարանի որոշման մեջ նման ձևակերպում չկա, Մելիքյանը արձագանքեց. - «Եվրոպական դատարանի որոշման մեկնաբանման հարց կա, և ես ձեզ ներկայացրեցի, որ Եվրոպական դատարանի որոշումը այլ մեկնաբանություն ունենալ ուղղակի չէր կարող»։

«Մենք էդքան դմբո չենք է, մենք կարողանում ենք կարդանք Եվրոպական դատարանի որոշումները», - հակադարձեց Սեդրակ Բաղդասարյանը:

Ընտանիքներն այժմ սպասում են Եվրադատարանի վերջնական վճռին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG