Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջարկել է փորձառու դիվանագետ Ռոբերտ Սիքյութայի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն է էներգետիկ գծով:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, դիվանագիտական ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Սիքյութան Միացյալ Նահանգների էներգետիկ ոլորտի առանցքային պաշտոնյաներից մեկն է, ով ավելի վաղ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Իրաքում, Աֆղանստանում, ինչպես նաև զարգացրել Միացյալ Նահանգների առևտրային կապերը աշխարհի ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկրներից երկուսի՝ Գերմանիայի և Ճապոնիայի հետ:
2009 թվականին, մասնավորապես, Պետդեպարտամենտը հենց նրա վրա էր դրել Աֆղանստանում իրականացվող ամերիկյան ծրագրերի համակարգման պատասխանատվությունը, որոնց համար բյուջեից տրամադրվել էր մոտ 2.7 միլիարդ դոլար:
Ավելի վաղ՝ համաշխարհային ճգնաժամի տարիներին, Վաշինգտոնը Սիքյութային գործուղել էր Ճապոնիա՝ ամերիկյան տնտեսության համար այդ ծանր ժամանակաշրջանում երկու երկրների առևտրային կապերը սերտացնելու և Ճապոնիայի կողմից Վաշինգտոնի դեմ հնարավոր նոր առևտրային խոչընդոտները կանխարգելելու նպատակով: Հատկանշական է, որ առևտրային ու էներգետիկ հարցերից բացի դիվանագետը նաև աշխատել է Միացյալ Նահանգների կողմից սահմանվող պատժամիջոցների վրա.
«Օրինակ, ես աշխատել եմ Իրանի նկատմամբ մշակվող սահմանափակումների վրա, որոնց նպատակն էր համոզել այդ երկրին միջուկային զենք չստեղծելու հարցում, Լիբիայում աշխատել եմ, որպեսզի նրանք կարողանան վերահսկողության տակ առնել իրենց երկիրը, աջակցել եմ նաև Աֆրիկայում հակամարտության գոտիներում արդյունահանվող և պատերազմների ֆինանսավորմանը ծառայող ալմաստների դեմ պայքարին»,- ասել է Սիքյութան Ջորջթաունի համալսարանին տված հարցազրույցում, որի շրջանավարտն է նաև ինքը:
Հրապարակային իր ելույթներում Ռոբերտ Սիքյութան կարևորել է նաև ժողովրդավարության զարգացումը, արդյունահանվող էներգակիրներից ստացվող եկամուտները թափանցիկ դարձնելու և ժողովրդի առջև հաշվետու լինելու անհրաժեշտությունը: Այս ոլորտում աշխատող միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ EITI-ի համաժողովում անցած տարի Սիքյութան հայտարարել է՝ բազմաթիվ օրինակներ կան, երբ բնական պաշարները անեծք են դառնում, բազմաթիվ օրինակներ, երբ բնական պաշարների արդյունահանումը կապվում է կոռուպցիայի և զարգացման համար կորսված հնարավորությունների հետ:
«Այս պաշարների սխալ օգտագործումը, ինչպես տեսել եք շատ դեպքերում, կարող է խոչընդոտել տնտեսական զարգացումը, նվազեցնել ներդրումների ու առևտրի հնարավորություններն ու նպաստել անկայունությանն ու հակամարտություններին»,-ասել էր Սիքյութան, ով ամերիկացի օրենսդիրների հավանությանն արժանանալուց հետո կնշանակվի ԱՄՆ-ի դեսպան էներգետիկ պաշարներով և կոռուպցիայի բարձր մակարդակով աչքի ընկնող Ադրբեջանում:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այս դեպքում ևս հետամուտ է լինելու, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Սիքյութայի թեկնածության քննարկման ժամանակ նրան հարցեր տրվեն Ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Հիշեցնենք, 2012 թվականից Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ռիչարդ Մորնինգսթարը, ով այս ամռանը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Բաքվում: