Ավարտվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Կամիսար Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը։
Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կամիսար Պողոսյանը իր հեռավոր ազգականին ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոն է խոստացել և այդ պաշտոնին նշանակելու համար նրանից 7 հազար դոլար կաշառք է պահանջել, ապա ստանալով այդ գումարը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով այն հափշտակել է:
Հաղորդագրության համաձայն՝ խուզարկվել է նաև Պողոսյանի բնակարանը, արդյունքում հայտնաբերվել է 5.45 միլիմետր տրամաչափի 20 փամփուշտ, ապօրինի պահվող ռազմամթերքն առգրավված է։
Քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի կաշառքի ու ապօրինի զենք-զինամթերքի հատկանիշներով, մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
Կամիսար Պողոսյանը մայիսի վերջին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: