Այսօր Շիրակի մարզ է այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ Արևշատ համայնք ժամանելը, գյուղացիները, որոնք տուժել էին կարկտահարությունից, նրան ցույց են տվել իրենց դաշտերը՝ օգնություն ակնկալելով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ անպայման գյուղացիներին որևէ կարգով փոխհատուցում կլինի, թե ինչ կարգով, մանրամասներ չկարողացավ ներկայացնել, քանի որ կառավարությունը այդ հարցը դեռ քննարկելու է:
Վարչապետը այցելեց նաև Ախուրյան համայնք, որտեղ ընթանում է բնակարանաշինությունը: Այստեղ շինարարը՝ «Գլենդել հիլզ» ընկերությունը, խոստացավ, որ մինչև նոյեմբեր կավարտեն շինարարությունը:
Ինչ վերաբերում է գյուղի ընդհատված բնակարանաշինությանը, ապա դա այս պահին քննարկվում է և մարզպետարանում կանցկացվի դռնփակ խորհրդակցություն, որի ընթացքում ավելի հստակ կորոշվի, թե ինչ են անելու: Քաղաքաշինության նախարարը նշեց, որ քննարկվում է բնակարանների գնման տարբերակը․ փորձելու են գնել բնակարաններ և հատկացնել անօթևան ընտանիքներին: Բայց սա դեռ նախնական տարբերակն է և դեռ քննարկվելու է:
Վարչապետից հետաքրքրվեցին, նաև թե աշխատատեղերի ստեղծման առում ով ի՞նչ է նախատեսվում Գյումրիում: Նա ասաց, որ պիտի ամեն ինչ արվի, որպեսզի Գյումրիում աշխատատեղեր ստեղծվեն, ինչը կնպաստի, որպեսզի արտագաղթի ցուցանիշը նվազի:
Հարց հնչեց նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որն անընդհատ ձգձգվում է։ Վարչապետն ասաց, որ երկու օրից Սոչիում կհանդիպի Ռուսաստանի վարչապետի հետ, և ըստ այդմ կհստակեցվի նաև այդ ժամանակացույցը, որից հետո տեղեկություն կտրամադրի, թե ինչպիսի ժամանակացույց է նշվում Հայաստանի անդամակցության վերաբերյալ: