Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Շարմազանովը, մասնավորապես, նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և իր զրուցակցին տեղեկացրել է մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ներկայացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա Սերգեևին առաջարկել է եկող տարի Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաև Տավրիկյան պալատում, ինչպես նաև ցեղասպանությանը նվիրված համաժողով հրավիրել:
ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: