Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ խաղում երեքշաբթի օրը Գերմանիայի հավաքականը խոշոր՝ 7:1 հաշվով առավելության հասավ դաշտի տերերի նկատմամբ։
Արդեն առաջին խաղակեսում գերմանացիները հինգ անպատասխան գնդակ ուղարկեցին բրազիլացիների դարպասը, ևս երկու գոլ նրանք խփեցին երկրորդ խաղակեսում, և միայն խաղի ավարտից վայրկյաններ առաջ դաշտի տերերը կարողացան մեկ գնդակով կրճատել հաշվի տարբերությունը։
Գերմանիայի գոլերից մեկի հեղինակը դարձավ և աշխարհի առաջնություններում խփած 16 գնդակներով բրազիլացի Ռոնալդոյի ռեկորդը գերազանցեց 36-ամյա հարձակվող Միրոսլավ Քլոզեն։
Աշխարհի հնգակի չեմպիոն, ընթացիկ առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Բրազիլիայի պարտությունը նման հաշվով այս մրցաշարի մինչ օրս ամենամեծ սենսացիան է։
Չորեքշաբթի օրը երկրորդ կիսաեզրափակիչ Նիդերլանդներ - Արգենտինա խաղի արդյունքում հայտնի կդառնա հուլիսի 13-ին կայանալիք եզրափակիչի մյուս մասնակիցը։
Եզրափակիչ հանդիպման նախօրեին կիսաեզրափակիչում պարտված թիմերը կպայքարեն երրորդ տեղի համար։
Պայքարը շարունակող թիմերից, հիշեցնենք, Գերմանիան երեք անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, Արգենտինան՝ երկու, Նիդերլանդները դեռ երբևէ աշխարհի չեմպիոն չի դարձել։