Մատչելիության հղումներ

Բնապահպանները համոզված են, որ առաջարկվող օրինագիծը կծառայի բիզնես շահերին


Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով չստորագրել հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրինագիծը, քանի որ դրանում չեն ներառվել բոլոր այն առաջարկությունները, որոնք արել է հասարակական հատվածը:

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանն ասում է, որ նոր օրինագծով չեն կատարվում Օրհուսի կոնվենցիայի պահանջները, կրճատվում է հասարակության մասնակցության ժամկետը ՀԷԿ-երի, հանքերի շահագործման վերաբերյալ հանրային լսումներին:

«Օրհուսի կոնվենցիայում այնպես է նշված, որ ժամկետները ոչ թե պետք է ձևական լինեն, այլ այնպես, որ հասարակությունը իրոք կարողանա ծանոթանալ ամբողջ փաթեթին և իր եզրակացությունը հայտնի: Նախկին օրենքում 30 օր առաջ պետք է ծանուցված լինեին, նոր օրենքում այդ 30 օրը դարձել է 7 օր և կարծիք հայտնելու համար ժամկետ տրված չէ», - հավելեց Վարդանյանը:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը սկզբնական շրջանում մասնակցել է օրինագծի մշակման աշխատանքներին, սակայն հետո հրաժարվել է, քանի որ հասկացել է՝ հասարակության առաջարկությունները այնտեղ տեղ չունեն: Օրենքի նախագծում, ըստ նրա, չի ներառվել մի շատ կարևոր կետ. - «Ոչ մի կերպ մենք չկարողացանք էն գաղափարախոսությունը ներառել օրենքի նախագծում, որ եթե հանրային լսումների արդյունքում ձևավորվում է հստակ բացասական կարծիք հանրային ազդագիր համայնքի և հանրային բնապահպանական մասնագիտական շրջանակների կողմից, ապա այդ դեպքում պետք է տալ բացասական եզրակացություն: Հանրային լսումները ինչ ձև էլ անցնեն, մեկ է մեխանիզմ չկա դրանց իրավական արդյունք ստանալու»:

Բնապահպաններ Սիլվա Ադամյանը, Նազելի Վարդանյանը համոզված են, որ օրենքի ուժ ստանալուց հետո Հայաստանում կավելանա հանքերի և փոքր ՀԷԿ-երի թիվը, քանի որ հասարակության կարծիքը ոչինչ չի փոխի:

«Այս օրենքով ՀԷԿ-երի շահագործման համար փորձաքննություն պետք չէ, միայն գնահատում կլինի, հասարակության մասնակցությունը նվազագույնի է հասցված և ցանկացած տեղ կարող են ՀԷԿ կառուցել», - նկատեց Վարդանյանը:

«Հանքարդյունաբերողի համար, բիզնեսմենի համար շատ լավ դաշտ է, մենք ոչ մի լծակ չունենք», - նշեց Սիլվա Ադամյանը:

Հակառակ բնապահպանների պնդումներին` օրենքի նախագծում կրկին չի ներառվել արդարադատության մատչելիության իրավունքը, որը ևս Օրհուսի պահանջներից է: Այսինքն հասարարակությունը կրկին այս կամ այն որոշման, թույլտվության դեմ դատարան հայց չի կարող ներկայացնել:

XS
SM
MD
LG