Մատչելիության հղումներ

Կառավարությունը խոստովանել է, որ չի կարող ապահովել պետբյուջեով նախատեսված աճը


Կառավարությունը խոստավանել է, որ չի կարող ապահովել պետբյուջեով նախատեսված աճը
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խոստովանել է, որ չի կարողանա ապահովել այս տարվա պետբյուջեով սահմանված 5.2 տոկոս տնտեսական աճը՝ 2014-ի համար խոստանալով ընդամենը 4 տոկոս աճ:

Դեռ ավելին՝ կառավարության հուլիսի 3-ի նիստում հաստատված «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով» գործադիրը նկատելիորեն նվազեցրել է առաջիկա տարիների տնտեսական աճը:

Եթե Տիգրան Սագսյանի կառավարությունը խոստանում էր 2015-2016 թվականներին ապահովել 6.3 ու 6.4 տոկոս աճ, ապա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մյուս տարի 5 տոկոսից ավելի տնտեսական աճ չի պատկերացնում, իսկ 2016 թվականի համար տեսնում է 5.3 տոկոս աճ:

Գործադիրի նիստում վարչապետ Աբրահամյանն ասաց, թե այս թվերը համաձայնեցված են Հանրապետության նախագահի հետ:

Այս հայտարարությունն ուշագրավ էր նախևառաջ այն պատճառով, որ ընդամենը մեկ տարի առաջ էր՝ 2013-ի մարտին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ պահանջեց Կառավարությունից մինչև 2017 թվականը տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, նախորդ մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ու գազի գների կտրուկ աճի ֆոնին, ինչը միանշանակորեն հանգեցնելու է բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների հավելյալ թանկացմանը, Հայաստանում տնտեսական աճի դանդաղումը պարզապես նշանակում է, որ իշխանությունները խոստովանում են՝ առաջիկա տարիներին չեն կարողանա կատարել նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց իսկ տված խոստումները՝ բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, կրճատել աղքատությունը, ինչն էլ իր հերթին կարող է նվազեցնել արտագաղթի տեմպերը:

«Դրանով չի լուծվում և' աղքատության վերացման հարցը, և' տնտեսության աճի հարցը: Ընդհակառակը. կարևորագույն խնդիրը դարձել է ոչ թե քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը, այլ այն, ինչի մասին մենք միշտ ասում ենք` տվյալ համակարգի խնդիրը մարդկանց առանձին խմբի շահերը պահպանելն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Առաջին անգամ չէ, որ Հայաստանի կառավարությունը ստիպված է հրաժարվել նախօրոք ծրագրված տնտեսական աճից: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենացնցողը, իհարկե, 2009-ին տեղի ունեցածն էր, երբ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Տիգրան Սարգսյանի կառավարությունը այդ տարվա պետբյուջեով նախատեսեց 9.2 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ արդյունքում ունեցանք՝ 14.1 տոկոս անկում:

Այն, որ այս տարի Հայաստանի իշխանությունները չեն կարողանա ապահովել խոստացված 5.2 տոկոս տնտեսական աճը, մայիսի վերջին «Ազատության» հետ զրույցում ասաց մեր երկրում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը: Հիմնադրամը ապրիլին կանխատեսել էր, որ 2014-ին Հայաստանը կունենա 4.3 տոկոս աճ, սակայն տիկին Դաբան Սանչեսը փոխանցեց՝ ԱՄՀ-ն նվազեցնելու է ցուցանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG