Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է պղծվել


Լիոնից ոչ հեռու գտնվող Վիլորբան քաղաքի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել:

Հանվել են հուշարձանի վրա տեղադրված գրության տառերից մի քանիսը, ինչն անհնար է դարձրել կարդալ այդ գրությունը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հուշարձանը կանգնեցվել էր 2005 թվականի ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցի առթիվ Վիլորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրտեի կողմից: Սա վանդալիզմի երկրորդ դեպքն է՝ ուղղված հայկական համայնքի դեմ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ պղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Միսակ Մանուշյանի՝ Մարսելում գտնվող կիսանդրին: Անհայտ անձինք նացիստական խաչ էին նկարել նացիզմի դեմ պայքարած հերոսի կիսանդրու վրա:

Ֆրանսահայ կազմակերպությունների կազմակերպիչ խորհուրդը դատապարտել է այս երկու արարքները այդ առիթով հրատարակած հատուկ հաղորդագրությամբ՝ դրանք որակելով իբրև այսօրվա թուրքական կառավարության ժխտողական քարոզչության հետևանք, քանի որ «Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելը հանդիսանում է նրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»:

«Համայնքի դեմ գործված այս երկու ընդվզեցուցիչ արարքները առիթ են տվել ֆրանսահայ կազմակերպությանը հիշեցնելու ժխտողականության դեմ օրենք ընդունելու այն հանձնառությունը, որը ստանձնել էին Ֆրանսիայի ներկայիս, ինչպես նաև նախկին իշխանությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG