Այսօր վաղ առավոտից Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչությունում զանգերը չէին դադարում:
Գիշերը ժամը 3-ի սահմաններում տեղի ունեցած 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը խուճապի մեջ էր գցել վանաձորցիներից շատերին: Առավոտյան լուրեր էին պտտվում, որ նոր երկրաշարժ է սպասվում:
Փրկարարական վարչություն էին զանգահարում հասարակ քաղաքացիներ, տարբեր հիմնարկությունների ղեկավարներ՝ ճշտելու արդյոք մարդկանց տարհանում են: Անգամ լուրեր էին պտտվում, թե Բազում թաղամասում շենք է փլվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հերքեցին բոլոր նման լուրերը և ասացին, որ ոչ մի զոհ չի եղել, երկրաշարժի հետևանքով վնասներ չեն եղել:
Չնայած ԱԻՆ-ը պնդում է, որ անիմաստ խուճապ է, մարդիկ դեռ առավոտից դուրս են եկել շենքերից, հավաքվել են բակերում, ոմանք պատսպարվել են 1988-ի երկրաշարժից հետո կառուցված շենքերում, ոմանք՝ սեփական տներում:
Դրսում հավաքված մարդիկ «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ վախեցել են գիշերվա երկրաշարժից, դուրս են եկել, իրենց հետ վերցրել են փաստաթղթեր և գումար:
Այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման էր եկել ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը: Եկել էր վստահեցնելու, որ խուճապի առիթ չկա:
Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 6-ին և 7-ին տեղի ունեցած մի քանի երկրաշարժերը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, իսկ սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: