Հուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր արգենտինացի գործընկերոջ՝ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն են հայտնել, որ նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարևորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:
Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշել է՝ այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ:
Ուղիղ հեռարձակում