Ուկրաինայի արևելքում շարունակվում են ուժային գործողությունները:
Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Սլավյանսկում (Սլովյանսկ) և Կրամատորսկում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում 12 զինծառայող է վիրավորվել:
Անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզում չորս քաղաք հետ են վերցրել:
Ռուսամետ զինյալները երեկ դուրս են եկել Սլավյանսկից, նրանց հրամանատարներից մեկը՝ Իգոր Ստելկովը ասել է, թե հասկանում էին, որ քաղաքը պահել հնարավոր չէր, դրա համար նահանջել են Դոնեցկ, որը պաշտպանելու համար ավելի հարմար է: Նա իրեն հռչակել է Դոնեցկի զինվորական պարետ:
Անջատականների կորուստների մասին ճշգրիտ տվյալներ չկան: Ստրելկովն ասել է, թե նահանջի ընթացքում հաջողվել է պահպանել անձնակազմի 80-90 տոկոսը, իսկ զինտեխնիկայի 90 տոկոսը:
Իսկ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները հայտնում են, որ անցած մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում շուրջ 80 մարդ է վիրավորվել: Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարար Վիկտոր Ավագյանն ասել է, որ վիրավորվածներից 56-ը խաղաղ բնակիչներ են: